«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանի որդի Արամ Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք եւ շարունակելու է պահվել այնտեղ, որտեղ, ըստ քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի, պահման պայմանները հիվանդախցերի պայմաններից զգալիորեն տարբերվում են: «Նոր բաժանմունքի պատերը եւ հատակը նորոգված են, խցերն առավել լուսավոր եւ մաքուր են, հագեցած են բժշկական մահճակալներով, բազկաթոռներով, սառնարանով»,-այս մասին վստահեցնում են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, ովքեր այսօր Արամ Մանուկյանին տեսակցելու նպատակով կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, դիմում-պահանջ է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնյաներին` ահազանգելով, որ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված Արամը անօգնական վիճակում է. պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, կա նաև արյան վարակ ձեռքբերելու վտանգ: