Հայ ժողովուրդն ունի պետականությունը իր ուսերին տանելու բավարար վճռականություն. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայաստանի Անկախության տոնի առթիվ - RadioVan.fm

Онлайн

Հայ ժողովուրդն ունի պետականությունը իր ուսերին տանելու բավարար վճռականություն. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայաստանի Անկախության տոնի առթիվ

2019-09-21 15:50 , Общество, 1139

Հայ ժողովուրդն ունի պետականությունը իր ուսերին տանելու բավարար վճռականություն. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայաստանի Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում շնորհավորական ուղերձ հղեց Հայաստանի Անկախության տոնի առթիվ:

«Այսօր սեպտեմբերի 21-ն է, մեր ժողովրդի պատմության ամենակարևոր օրերից մեկը, ամենամեծ տոներից մեկը, երբ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի անկախության հանրաքվեն, և Հայաստանի բնակչության 98 տոկոսը քվեարկեց անկախության օգտին: Դա մի գործընթաց էր, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հասավ իր կուլմինացիային: Այդ գործընթացը սկսել էր 1988 թվականի ղարաբաղյան շարժմամբ, երբ մեր ժողովուրդը Հայաստանում և Արցախում բարձրաձայնեց ազատ, միասնական և հզոր լինելու իր կամքը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, ընդունվել էր Հայաստանի անկախության հռչակագիրը: Եվ այդպիսով նաև դե յուրը հայ ժողովուրդը իր ընթացքն էր սկսել դեպի անկախություն: Անկախությունից անմիջապես հետո, միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչվելուց անմիջապես հետո մեր ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը և Արցախը կանգնեցին մեծ փորձությունների առաջ: Ըստ էության, մի քանի տարի առաջ սկսված կոնֆլիկտը վերաճեց մի լիարժեք պատերազմի, որում հայ ժողովուրդը միասնության և կամքի շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել: Այդ հաղթանակն առաջին հերթին բերեցին այն ազատամարտիկները, ովքեր կամավոր զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանության գործին: Նրանք պատվով կատարեցին իրենց առաքելությունը և թույլ չտվեցին, որ հայրենի հողը ոտնակոխ լինի: Եվ որից հետո սկսվեց պետականաշինության շատ ավելի բարդ գործընթացը»,- նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ անկախության տարիներին տեսել են բազմաթիվ հիասթափություններ, արտագաղթ, տնտեսական և քաղաքական դժվարություններ: Տեսանք բավականին տխուր ընթացք, երբ եկավ մի ժամանակ, երբ գրեթե ամեն օր մամուլում հարց էր հնչում, թե ինչպիսի՞ն կլինեն արդյունքները, եթե 1991 թվականից 5, 10, 15, 20 տարի անց լիներ անկախության հանրաքվեն: Իհարկե, ես միշտ համոզված եմ եղել, որ այդ բոլոր ժամանակներում, երբ էլ տեղի ունենար անկախության հանրաքվեն, մեր ժողովուրդը միասնական «այո» կասեր անկախությանը: Ես երբեք դրանում չեմ կասկածել: Բայց պետք է արձանագրեմ, որ այս ընթացքում շատ կասկածողներ են եղել: Եվ, ի վերջո, նաև տրվել է այս հարցի պատասխանը: Որովհետև ես հավատում եմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցավ մի նոր անկախության հանրաքվե, և 100 հազարավոր այն քաղաքացիները, ովքեր դուրս եկան հրապարակ, դուրս եկան փողոցներ, Հայաստանում և սփյուռքում, նրանք դուրս եկան ևս մեկ անգամ նույնքան բարձր նույնքան վճռական ու հաստատակամ «այո» ասելու Հայաստանի անկախությանը: Դա մի նոր անկախության հանրաքվե էր, որն ասաց, որ հայ ժողովուրդը 28 տարվա ընթացքում ոչ միայն չի մաշեցրել անկախ պետականություն, ինքնիշխանություն, ժողովրդավարություն ունենալու իր կամքը, այլև այս ողջ ընթացքում դա դարձել է ավելի հաստատակամ, ավելի վճռական, ավելի ուժեղ և ավելի ամուր է կանգնած իր ոտքերի վրա:

Եվ ուրեմն այսօր սեպտեմբերի 21-ն է, 28 տարվա սեպտեմբերի 21, և մենք հավաքվել ենք ահա այստեղ ևս մեկ անգամ արձանագրելու, որ Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա գոյություն է ունենալու հավիտյան, և հայ ժողովուրդը՝ որպես մի մեծ հավաքականություն, ունի բավարար կամք, բավարար իմաստություն, բավարար գիտելիք, բավարար տաղանդ և բավարար վճռականություն իր ուսերին կերտելու, իր ուսերին տանելու պետականության պատասխանատվությունը և ապրել ազատ և երջանիկ այդ պետականության մեջ՝ որպես ազատ երկրի հպարտ քաղաքացի», - եզրափակեց ՀՀ վարչապետը:

Лента

Рекомендуем посмотреть