Ժամեր առաջ, մինչ Խորենացի փողոցում ընթանում էր հանրահավաքը, ոստիկանությունը շուրջ 6 տասնյակ քաղաքացիներ է բերման ենթարկել, սակայն նրանք տարվել են ոչ թե ոստիկանության բաժանմունքներ, ինչպես կարգն է, այլ` Իսակովի պողոտայում տեղակայված թիվ 1033 զորամաս: Ռադիովանի լրագրողը կապ է հաստատել փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ, ով այս պահին զորամասի տարածքում է եւ փորձում է քայլեր ձեռնարկել քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքերը պարզելու եւ նրանց փաստաբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Մինչ այս պահը նրան մուտք գործել չի հաջողվում:
Քաղաքացիներին բերման ենթարկելու փաստի առիթով քիչ առաջ հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
Անթույլատրելի ենք համարում առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման ենթարկելը:
Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ պետք է տեղեկացվի ազատությունից զրկվելու պատճառների մասին: Սահմանադրության այս նորմը գործում է անմիջականորեն և ենթակա է անվերապահ կատարման:
Տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված հաղորդումների և լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ներկայում այցելություններ են կատարվում հավաքի վայր և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ: