20 դրամ՝ մեկ տոպրակի դիմաց. Գնորդների արձագանքներն ու տնօրինության պարզաբանումները - RadioVan.fm

Онлайн

20 դրամ՝ մեկ տոպրակի դիմաց. Գնորդների արձագանքներն ու տնօրինության պարզաբանումները

2016-07-27 10:20 , Общество, 2159

20 դրամ՝ մեկ տոպրակի դիմաց. Գնորդների արձագանքներն ու տնօրինության պարզաբանումները

«Վերջապես քայլ է արվում Հայաստանը պոլիէթիլենային չարիքից գոնե մի փոքր ազատելու ուղղությամբ»,-այսպես են արձագանքում բնապահպանները որոշ մարկետների կողմից՝ սպասարկման տոպրակները օրերս վճարովի դարձնելու փաստին: Այսուհետ, նշենք, մայրաքաղաքում գործող «Նոր զովք» և «Ծիրան» մարկետներից գնումներ կատարողները երկրորդ եւ ավելի տոպրակի համար պետք է վճարեն միջինի դեպքում՝ 10, իսկ մեծի դեպքում 20-ական դրամ: Նորամուծությունը, սակայն, գնորդների որոշ շրջանակի մոտ բասացական արձագանք է գտել: «Շատ վատ է, որ տոպրակները վաճառում են, գրպանի հարցը չի, սա խանութի սպասարկման որակի մասին է խոսում ընդամենը», «Մարդկա՛նց պետք ա դաստիարակեն, որ չաղտոտեն, ոչ թե՝ տոպրակները վաճառեն», «Ճիշտ չի, տեղից ամենի ինչը թանկանում ա»,-մեզ հետ զրույցում նշում էին այդ պահին մարկետներից դուրս եկող քաղաքացիները: Այդուհանդերձ, մեր հարցախույզի ընթացքում քաղաքացիներից շատերը դրական քայլ որակեցին մարկետների կողմից՝ տոպրակները վճարովի դարձնելու փաստը: Նրանց խոսքերով՝ եթե դրամարկղում չեն խաբում, մրգի քաշի մեջ չեն խաբում՝ պատրաստ են 10/20 դրամ վճարել յուրաքանչյուր տոպրակի դիմաց: Քաղաքացիներից մեկն էլ նկատեց՝ դա կնպաստի, որ շատերը ուր պատահի չնետեն իրենց գնումների տոպրակները:

«Տոպրակները վճարովի դարձնելը մեկ քայլ է մաքուր պահելու մեր շրջակա միջավայրն ու չվնասելու բնությանը»,-պարզաբանելով, թե որն է տոպրակներն այսուհետ վճարովի դարձնելու և դրանց արտադրման ծավալները կրճատելու նպատակը՝ մեզ հետ զրույցում ասաց «Ծիրան» մարկետների ցանցի տնօրեն Արման Գալստյանը, ում վստահեցմամբ՝ նշված քայլը հնարավորություն կտա նաեւ նվազեցնելու ապրանքների վաճառքի գները (ընկերությունը տոպրակների տպագրության համար ամսվա կտրվածքով ծախսում է 3-3.5 մլն դրամ): Ինչպես փաստեց նա՝ տոպրակների սպառման ծավալն այս օրերին կրճատվել է արդեն 25-30 տոկոսով:

Պոլիէթիլենային տոպրակների վաճառքի դեմ երկար տարիներ պայքարող բնապահպանների համար եւս ողջունելի է դրանք վճարովի դարձնելու՝ վերը նշված մարկետների տնօրինության քայլը: Բնապահպան Սիլվա Ադամյանի դիտարկմամբ՝ մյուսներեն էլ պետք է հետեւեն այս օրինակին, որպեսզի մարդիկ սկսեն գնումների գնալ բազմակի օգտագործման պայուսակներով՝ չաղտոտելով մայր բնությունը բնական միջավայրում չքայքայվող ու կենդանական աշխարհի համար սպառնալիք հանդիսացող տոպրակներով:

Լսեք թեմայի վերաբերյալ աուդիոռեպորտաժը.

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть