Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցիների հետ:
«Մենք պատրաստ ենք փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը: Ադրբեջանի համապատասխան կառույցները փոխանակման առաջարկի մասին գրությունները միջազգային կազմակերպություններին ուղարկել են սեպտեմբերի 11-ին։
Հիշեցնենք՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող, առողջական խնդիրներով պայմանավորված դեռևս 2013 թվականից համապատասխան բուժհաստատությունում հաշվառման մեջ գտնվող Կարեն Ղազարյանը, 2018թ. հուլիսին անհայտ պայմաններում հայտնվել էր Ադրբեջանում։ Նա ներկայացվել է որպես հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ՝ Բաքվի դատարանի փետրվարյան վճռով դատապարտվելով 20 տարվա ազատազրկման։
19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը 2019-ի օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում լքել է Արցախի ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքը՝ հայտնվելով Ադրբեջանում։
Մինչդեռ, Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2014 թվականին դատապարտվել են 22 տարվա ազատազրկման և ցմահ դատապարտման՝ ԼՂՀ-ում մի շարք ծանր հանցագործությունների՝ դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, զենքի պահման և լրտեսության, ինչպես նաև հայոց բանակի սպայի սպանության համար:
Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում ծանր հանցագործությունների համար դատապարտվածներին վերադարձնել Ադրբեջանին։ Նախորդ շաբաթավերջին էլ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը վերոնշյալ փոխանակումը անիրավաչափ է որակել։ «Գուցե և հնարավոր է, սակայն այդ քայլն իրավաչափ չէ, քանի որ ադրբեջանական կողմից եղել են ահաբեկիչներ, ովքեր սպանել են երեխաների, իսկ մեր կողմից հակառակորդի տարածքում հայտնված անձինք մոլորվածներ են»,-մասնավորապես նշել է նա։