ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացվել Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի (ԱԺ) որոշման նախագիծը, որը հրապարակված է ԱԺ կայքում:
Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է:
Նշենք՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 17-ին, ՀՀ Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, որ այս պահին Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու հիմք չի տեսնում:
«Մենք այն քաղաքական ուժը չենք, որ մեխանիկորեն միանանք որևէ նախաձեռնության, առանց դրա հիմքերն ուսումնասիրելու ու վերլուծելու: Այս պահին մենք այդպիսի հիմք չենք տեսնում»,-ասել է Պետրոսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Սահմանադրական դատարանում չկա անկառավարելի իրավիճակ, և մարմինը գործում է:
Հիշեցնենք՝ երկուշաբթի՝ սեպտեմբերի 16-ին, խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հանդես էր եկել Սահմանադրական դատարանի և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտահերթ ելույթով՝ հայտարարելով, որ ՍԴ-ն Սահմնադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել։ Այս և ևս մի քանի խնդրի մասին բարձրաձայնելով՝ Միրզոյանը նշել էր, որ ՀՀ Ազգային ժողովը՝ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի օրինական և լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, իր իրավասությունների շրջանակներում իր դիրքորոշումը պետք է արտահայտի։
Խորհրդարանի խոսնակի այս հայտարարությունից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: