ՀՀ կառավարությունը 9․4 միլիոն դրամ կհատկացնի զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով։
Հատուկ նշանակության ստորաբաժանման պայմանագրային ավագ սերժանտ Հայկ Բենիամինի Սեխլիյանը (ծնված 1985թ.) ականապայթյունային ողնաշար-ողնուղեղային վիրավորումը ստացել է 2016 թվականի ապրիլի 4-ին, Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի սահմանին՝ հակառակորդի հետ շփման գծում հատուկ առաջադրանք կատարելիս։
«Հայաստանի Հանարպետության առաջատար բժշկական կենտրոններում երկարատև բուժօգնությունից հետո Հ. Սեխլիյանը մասնագիտական հետազոտություններ է անցել ԳԴՀ Շվարցվալդի Բադ Քրոցինգեն կլինիկայում, որտեղ առաջակվել է 28 օրյա ստացիոնար վերականգնողական համալիր մասնագիտացված բուժօգնություն:
Կլինիկայի կողմից տրված տեղեկատվության հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի 2016թ. մայիսի 10-ի թիվ 18-Ն հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից 17.09.2019թ. դրական եզրակացություն է տրվել Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կազմակերպելու վերաբերյալ և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 21.04.2016թ. N 410-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջները` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանն է հատկացվում 9,436.8 հազար դրամ (որից՝9,115.3 հազար դրամը բուժման, իսկ 321.5 հազար դրամը՝ օդանավի տոմսերի համար), որը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պետք է փոխանցվի Հ. Սեխլիյանի բանկային հաշվեհամարին` ԳԴՀ Շվարցվալդի Բադ Քրոցինգեն կլինիկայում վերջինիս բուժումն ապահովելու համար: Բուժման ծախսերը ներառում են գիշերակացի, սննդի, դեղորայքի, օրը երեքանգամյա բուժիչ պրոցեդուրաների, ինչպես նաև բժիշկների խորհրդատվության արժեքը»,-նշված է նախագծում: