«Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում»․ Վալերիյ Օսիպյան - RadioVan.fm

Онлайн

«Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում»․ Վալերիյ Օսիպյան

2019-09-18 17:21 , Право, 1637

«Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում»․ Վալերիյ Օսիպյան

Այսօր ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցությունը վարել է Վալերիյ Օսիպյանը, ամփոփել է իր պաշտոնավարման ընթացքում ոստիկանության գործունեությունը՝ ընդգծելով, որ համակարգը ձեռքբերումներ է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում՝ պատշաճ իրականացնելով օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները։

Նախագահի այսօրվա հրամանագրով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին հրաժեշտ տված Օսիպյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետ էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում:

Իսկ այսօր ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել հայ ժողովրդին ոստիկանի աշխատանքը գնահատելու և իրականացված փոփոխություններն արժեվորելու համար, շնորհակալություն համակարգի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչև գեներալ, շնորհակալություն ոստիկանության զորքերին, շնորհակալություն ոստիկանության պետին կից հասարակական խորհրդին, ԶԼՄ-ներին՝ պետության համար բարդ և պատասխանատու փուլում մեր կողքին կանգնելու համար:

Շնորհակալություն բոլոր նրանց, ում հետ երկար ու դժվար ճանապարհ եմ անցել մեր ազնիվ ծառայությունն իրականացնելու գործում: Մաղթում եմ բոլորին բարի ու անձնվեր ծառայություն, անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը, որոշում կայացնելու վճռականություն և պատրաստակամություն:

Շնորհակալ եմ բոլորին պրոֆեսիոնալ և անմնացորդ ծառայության համար:

Պատիվ ունեմ»:

Лента

Рекомендуем посмотреть