Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով երեկ համացանցում շրջանառված վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակին վերագրվող փաստաթղթին, որում նշված է, թե այն տրված է Կրասնոդարի քաղաքային հոգեբուժական հիմնարկի կողմից 2001 թվականի նոյեմբերի 1-ին՝ ուղղված Կրասնոդարի դատախազությանը։
«Հրապարակված փաստաթուղթն ու նրանում առկա տվյալները կեղծված են, ու որևէ առնչություն չունեն Նիկոլ Փաշինյանի հետ»,-հայտնում են «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ից՝ որպես ապացույց ուշադրություն հրավիրում հրապարակված փաստաթղթում Նիկոլ Փաշինյանի լուսանկարին՝ առաջարկելով այն համեմատել 2018 թվականին վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված 1991 թվականի ստուգարքային գրքույկի լուսանկարի հետ։
«Ինչպես տեսնում ենք՝ կեղծված փաստաթղթում օգտագործվել է հենց ստուգման գրքույկից վերցրած լուսանկարը»,-նշում են վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան հարթակից։