Արհեստական բանականությունը կստեղծի Երևանում անցկացվելիք ՏՏ ոլորտի հեղինակավոր համաժողովի օրհներգը․ գաղափարի հեղինակը Սերգեյ Սմբատյանն է - RadioVan.fm

Онлайн

Արհեստական բանականությունը կստեղծի Երևանում անցկացվելիք ՏՏ ոլորտի հեղինակավոր համաժողովի օրհներգը․ գաղափարի հեղինակը Սերգեյ Սմբատյանն է

2019-09-17 18:20 , Культура, Шоу бизнес, 1395

Արհեստական բանականությունը կստեղծի Երևանում անցկացվելիք ՏՏ ոլորտի հեղինակավոր համաժողովի օրհներգը․ գաղափարի հեղինակը Սերգեյ Սմբատյանն է

Հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (World Congress on Information Technology (WCIT) հիմնը կստեղծի արհեստական բանականությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի քարտուղարը:

«Կոնգրեսի պաշտոնական բացումը կազդարարվի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00, Հանրապետության հրապարակում կայանալիք տոնական համերգով: Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից: Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որտեղ անցյալում անցկացվել է WCIT-ն՝ Կանադա, Նիդերլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան»,-ասված է հաղորդագրությունում:

«Համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը: Արհեստական բանականության աշխատանքի արդյունքը երաժիշտների պլանշետներին ուղարկվելու է իրական ժամանակում, այսինքն՝ երաժիշտները նախապես ծանոթ չեն լինելու ներկայացվող նյութին: Արհեստական բանականությունը գեներացնելու է երաժշտություն հայկական շարականների հիման վրա։ Մասնակից երկրների հիմների հիման վրա ստեղծելու է նաև WCIT-ի օրհներգը»,-փոխանցում են Սիմֆոնիկ նվագախմբի մամլո քարտուղար Լիլիթ Գրիգորյանը։

Նշվում է, որ համերգը կղեկավարի Հայաստանի վաստակավոր արտիստ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով, ըստ հաղորդագրության, նվագախումբը ստեղծելու և իրական ժամանակում արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաները և երաժշտությունը համատեղելու նորարար գաղափարի հեղինակն է: Նվագախմբի հետ հանդես կգա նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը:

Հիշեցնենք՝ Երևանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք հեղինակավոր «WCIT 2019» տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։

Лента

Рекомендуем посмотреть