Էնեոլիթի դարաշրջանի շերտեր, որոնք Հայաստանի տարածքում քիչ են հայտնի․ Կալավանի հնագիտական պեղումները նոր իրողություններ են բացահայտել - RadioVan.fm

Онлайн

Էնեոլիթի դարաշրջանի շերտեր, որոնք Հայաստանի տարածքում քիչ են հայտնի․ Կալավանի հնագիտական պեղումները նոր իրողություններ են բացահայտել

2019-09-13 15:48 , Наука, HiTech, 1235

Էնեոլիթի դարաշրջանի շերտեր, որոնք Հայաստանի տարածքում քիչ են հայտնի․ Կալավանի հնագիտական պեղումները նոր իրողություններ են բացահայտել

Արդեն մի քանի տարի է, ինչ հայ-գերմանական հնագիտական միացյալ արշավախումբը հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Բորիս Գասպարյանի ղեկավարությամբ հնագիտական պեղումներ է իրականացնում Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի ղեկավարը, այս տարի պեղումները սկսվել են օգոստոսի 15-ից եւ ավարտվել սեպտեմբերի 13-ին: Հիմնական աշխատանքները կենտրոնացվել են Կալավան-1 պեղավայրի խորացման վրա:

«Պեղումների ընթացքում նախորդ երկու բացված շերտերի կողքին բացվեցին երեք նոր շերտեր, որոնց գտածոները համանման են նախորդներին: Դրանք ներկայացված են քարից պատրաստված փոքր չափերի սրածայրերով եւ քերթիչներով, որոնք որսորդական կենսակերպի բնույթ ունեն: Դրանց հետ համատեղ հայտնաբերվել են խոշոր կաթնասունների՝ վայրի ձիու, բիզոնի եւ ցուլի, ոսկրային մնացորդներ, որոնք ցույց են տալիս, որ Կալավանի հնաբնակները ժամանակ առ ժամանակ, կախված այս կենդանիների սեզոնային տեղաշարժերից, այցելել են այս տարածք՝ նշված կենդանիներին որսալու նպատակով: Դա ապացուցվում է գտնված ոսկորների վրա պահպանված կտրման ու ջարդման հետքերից: Նախամարդիկ այստեղ քարե սուր գործիքներով մաշկել-մշակել են որսի միսը, իսկ ոսկորները քարով ջարդոտել՝ ծուծկը հանելու համար:

Նախորդ տարիների ընթացքում մեր արշավախմբի կողմից հայտնաբերվեցին աշխատանքային քարե գործիքներ, խեցեղեն, ինչպես նաեւ՝ կենդանիների ոսկորների մնացորդներ, որոնց մեջ բացառիկ են ռնգեղջյուրների եւ բիզոնների ոսկորների մնացորդները: Նեանդերթալյան մարդկանց բացօթյա հնագույն կայանը գտնվում է Կալավան գյուղի հարավային թեւում, հնագույն ամրոցի եւ դամբարանադաշտերի կողքին: Առայժմ մի քանի տեղամասերում կատարվող պեղումների ընթացքում գտնվել են միայն աշխատանքային գործիքներ, զենքեր, խեցեղեն եւ կենդանիների ոսկորներ, իսկ ահա նեանդերթալյան մարդկանց ոսկորների որոնումներն առայժմ հաջողությամբ չեն պսակվել: Հուշարձանի գոյությունը հնագետները թվագրում են մեզանից 80-40 հազար տարի առաջ, երբ նեանդերթալյան մարդիկ գտնվել են աստիճանական վերացման փուլում՝ տեղը զիջելով բանական մարդուն: Հետաքրքիր գտածոներ ունենք նաեւ Բարեպատի հնագույն քարայրի պեղումներից՝ օբսիդիանից պատրաստված մանգաղի ներդիր, խխունջներ, որոնց պատյանի օգնությամբ կարելի է թվագրել հուշարձանի պեղված շերտը, խոշոր կենդանիների ոսկորներ, ոսկորից պատրաստված ծայրակալ, կճուճի կանթ: Հատկապես խեցեղենի միջոցով մենք կարող ենք հստակորեն որոշել հուշարձանի տվյալ շերտի տարիքը:

Կալավանը հայ եւ օտարերկրյա հնագետներին հայտնի է դարձել 2005 թվականից, երբ տարածքում գտնվել են քարեդարյան գործիքներ, որից հետո էլ սկսվել են ուսումնասիրությունները: Պեղված բացօթյա կայանում հնագետները բացել են էնեոլիթի դարաշրջանի շերտեր, որոնք Հայաստանի տարածքում շատ քիչ են հայտնի: Հավանաբար, մենք եկող տարի Կալավանում ժամանակավորապես կընդմիջենք պեղումները, որպեսզի կարողանանք զբաղվել պեղված մեծաքանակ նյութերի ուսումնասիրությամբ եւ դրանց արդյունքների հրատարակությամբ »,-ներկայացրեց Բորիս Գասպարյանը:

Կալավանի պեղումները վաղուց ձեռք են բերել միջազգային հնչեղություն: Արշավախմբի կազմում այս տարի եւս ընդգրկվել են Գերմանիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի,Ֆրանսիայի, Անգլիայի, մի շարք այլ երկրների հնագետներ: Պեղումների ժամանակ արշավախմբի կազմում աշխատել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մոնրեպոսի թանգարանի ավագ գիտաշխատողներ Արիել Մալինսկի Բյուլերը եւ Լուց Քինդլերը, Երուսաղեմի հրեական համալսարանի ասպիրանտներ Մաշա Կրակովսկին եւ Նադաֆ Նիրը, ԱՄՆ հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ֆիլ Գլաուբերմանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Անի Ադիգյոզալյանը, Հայկ Հայդոսյանը, Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանը: Պեղումներն իրականացվել են Գերմանիայի Դաշնությունում գործող «Գերդա Հենկել» միջազգային հիմնադրամի միջոցներով եւ ԱՄՆ-ի «Գֆոյլեր» հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի համաֆինանսավորմամբ: Պեղումների ընթացքում հնագետներին օժանդակել են տեղացի բանվորներ:

Лента

Рекомендуем посмотреть