Հայաստանում բանկային համակարգի զարգացումը կարող է հետ ընկնել տասնյակ տարիներով։ Այս համոզմանն է հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Նա, վերլուծելով «Բանկային գաղտնիքի մասին» կառավարության երեկ ընդունած որոշման նախագծը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սեպտեմբերի 12-ին Կառավարությունը, անսովոր բուռն քննարկումից հետո, ընդունեց ՀՀ Բանկային գաղտնիքի մասին օրենքում, և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում առանցքային փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ։
Գործող օրենսդրությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել միայն քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց նկատմամբ, և դա տարածված միջազգային պրակտիկա է։ Առաջարկվող փոփոխությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել արդեն ցանկացած անձի նկատմամբ, որը, քննչական մարմինների ենթադրությամբ, կարող է ընդհանրապես որևէ կերպ առնչվել գործին, դրանք կարող են լինել տասնյակ մարդիկ, որոնց վերաբերյալ քննիչը «հիմնավոր» կասկած ունի։
Թեև առաջին հայացքից թվում է, որ սա այդքան մեծ հարց չէ, իրականում այսպիսի օրենքի ընդունումը մեր բանկային համակարգի համար մեծ վտանգներ է կրում։ Ամբողջ աշխարհում մարդիկ իրենց միջոցները պահում են բանկերում, այն ենթադրությամբ, որ դրա վերաբերյալ գոյություն ունի խիստ գաղտնիություն, քանի որ այլապես իրենք կարող են դառնալ կազմակերված հանցագործության, շորթողների, դեղին մամուլի, և նաև ավտորիտար պետություններում՝ ուժային մարմինների թիրախ։ Մեր դեպքում, երբ երկրում արդեն «վհուկների որս» է սկսվում, սա կարող է ուղղակի գործիք դառնալ ուժային մարմինների ձեռքում՝ կամայական «անցանկալի» մարդկանց նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։
Այժմ, եթե այս օրենքը Հայաստանում ընդունվի, ոչ միայն բազմաթիվ օրինապահ մարդկանց գործող օրենքով երաշխավորված իրավունքներն են խախտվելու, երբ կամայական կերպով պետությանը հասու կդառնա նրանց բանկային գաղտնիքը, այլև սա ստիպելու է բազմաթիվ մարդկանց Հայաստանի բանկերից հնարավորինս հեռու գործել և այլևս այդ բանկերում ներդրումներ չանել:
Իր ողջ թերություններով հանդերձ, մեր բանկերը երկրում գործող առավել զարգացած համակարգերից մեկն են՝ նրանք համատեղ ապահովում են ֆինանսական կայունություն, բավական մեծ թվով բարձր վարձատրվող աշխատատեղեր, տարեցտարի նրանցում կուտակված ավանդային միջոցները (ներառյալ արտերկրից) աճում են, իսկ այդ միջոցների արժեքը տնտեսավարողների համար արդյունքում՝ նվազում։
Հիմա այս ամենը դրվում է վտանգի տակ՝ եթե մարդիկ և ընկերությունները, զգուշանալով ուժային մարմինների կամայականությունից, սկսեն իրենց միջոցները հայկական բանկերից դուրս բերել, տեղափոխել այլ երկրներ (իսկ դա այսօր շատ հեշտ է արվում), կամ կանխիկացնել, այս ամենը կարող է ի չիք դառնալ։ Այդ դեպքում մեր բանկային համակարգի զարգացումը կարող է հետ ընկնել տասնյակ տարիներով, իսկ մեզնից յուրաքանչյուրը կզգա իր վրա դրա հետևանքները՝ ավելի թանկ վարկերի, դրամի անկայունության, ավանդների կորստի, և այլ, այս պահին դեռ չերևացող բացասական հետևանքների տեսքով։
Երեկ կառավարությունում այս հարցի շուրջ անսովոր թեժ քննարկում գնաց, և գործից հասկացող մարդիկ մի քանի անգամ նշեցին այս օրենսդրական փոփոխության վտանգները։ Չնայած դրան, վարչապետ Փաշինյանը, իրեն հատուկ կամայական ոճի մեջ, «շրջանցեց» բոլոր փաստարկները, և ընդունել տվեց օրենքի նախագիծը, որը հիմա ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը։
Հայաստանում օր օրի բարդացող ներքին իրավիճակում, սա դառնալու է հակասությունների և լարման ևս մեկ անիմաստ աղբյուր։ Մնում է հուսալ, որ կամ Ազգային ժողովը կհրաժարվի այս նախագծի ընդունումից, կամ էլ Կառավարությունը այն հետ կկանչի, այլապես արդեն հաջորդ իշխանություններն են ստիպված լինելու չեղարկել այս օրենքը նրանից հետո, երբ այն իր սև գործը կանի, և անշրջելի վնասներ կհասցնի մեր ֆինանսական համակարգին, ու արդյունքում մեզնից յուրաքանչյուրին»։
Նշենք՝ երեկ կառավարության հերթական նիստում բուռն քննարկման արդյուքում հավանության արժանացավ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ որոշումը։
Արդարադատության նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ որոշման նախագիծը մշակվել է՝ ելնելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից, և հաշվի է առնվել միջազգային, մասնավորապես, սկանդինավյան երկրների փորձը: Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված են այն սուբյեկտներով, ում առնչությամբ օրենսդրությունը հնարավորություն է տալիս ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը: Մասնավորապես, քրեական դատավարության օրենսդրության հիման վրա ներկայում հնարավոր է ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալներ, ինչը բազմիցս քննադատվել է միջազգային կառույցների կողմից և բարձրաձայնվել իրավապահ մարմինների կողմից՝ որպես խոչընդոտ ֆինանսական, մասնավորապես, կոռուպցիոն բնույթի հանցագործություններով գործերի քննության համար: Դա պայմանավորված է նրանով, որ հաճախ բանկային տվյալները, որոնք էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործերի քննության համար, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ, օրինակ, վերջինիս հետ փոխկապակցված անձին: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում որոշման նախագծով ներկայացված հանցագործություններով հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը կվերացվի, և առանձին դեպքերում կստեղծվի հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման: Միաժամանակ, նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ և սահմանափակումներ, մասնավորապես, հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով միայն կարող են իրականացվել որոշակի իրավապահ գործողություններ: Միաժամանակ չեն ստեղծվի անհամաչափ կամ անհաղթահարելի սահմանափակումներ հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտմանն ուղղված գործունեության ընթացքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով որոշման ընդունումը, նշեց․ «Հարգելի գործընկերներ այս թեման շատ երկար և շատ բարդ, ամենատարբեր ձևաչափերով քննարկվել է, առկա են եղել բազմաթիվ մտահոգություններ, բազմաթիվ մտավախություններ և այսպես շարունակ: Բայց մեր քաղաքական եզրակացությունը հետևյալն է՝ մենք կա՛մ պայքարում ենք կոռուպցիայի դեմ կա՛մ չենք պայքարում կոռուպցիայի դեմ, որովհետև կիսապայքարն ընդունելի չէ:
Ես ձեզ կոնկրետ ասեմ՝ այս ընթացքում մենք ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ իքս բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան, ասենք, ապօրինի ձևով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել, այդ գույքը ֆորմալ ձևակերպված է ուրիշ մարդու անունով, այդ ուրիշ մարդու հետ կապված իրավական պրետենզիաներ չկան, այդ գույքը վաճառվել է, և իմացել ենք, որ այդ գույքը վաճառվելու է, և գումարը Հայաստանի Հանրապետությունից դուրս է հանվելու: Այսինքն՝ ըստ էության, ոչ թե մեր աչքի առաջ, բայց մենք իմացել ենք, որ հիմա այդ բանը տեղի է ունենում, բայց օրենսդրությամբ այնպիսի սահմանափակումներ են եղել, որ կամ պետք է ապօրինի, շատ կոպիտ ապօրինի միջամտություններ անեինք, որի բացատրությունը հետո իրավական առումով շատ դժվար կլիներ կամ էլ պետք է լուռ հետևեինք, թե ինչպես են թալանվածը թաքցնում:
Մեր քաղաքական որոշումը հստակ է և միանշանակ՝ մենք կոռուպցիայի դեմ կիսապայքար չենք անելու և պետք է ստեղծենք ինստիտուցիոնալ այնպիսի մեխանիզմներ, որ ընդհանրապես որևէ կասկած չլինի Հայաստանի Հանրապետության, ժողովրդի և կառավարության՝ այս առումով ունեցած մտադրությունների վերաբերյալ: Եվ ես կարծում եմ, որ սա մեր ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն է, որը, էլի ուզում եմ ընդգծել, ոչ թե անում ենք ոտքի վրա՝ ափալ, այլ մեկ տարի շարունակ, բոլոր հնարավոր ձևերով, տեմպերով քննարկել ենք: Մենք այս քաղաքական որոշումը կայացրել ենք և պետք է այս որոշումը նաև դե յուրե արձանագրենք: Չկա մի տեսակետ, որը չենք լսել, չենք կարդացել, բայց այս խնդիրը պետք է լուծվի և պետք է լուծվի հիմա»: