«Հայաստանի լեռներում` Ջերմուկի առողջարանային կենտրոնում, գտնվում է ոսկու հանքավայր, որի շահագործումը, ըստ տեղի բնակչության, սպառնում է երկրի քաղցրահամ ջրի ամենախոշոր աղբյուրին ու ամբողջ էկոհամակարգին»,-համանուն կայքում գրում է գերմանական «Դոյչէ Վելլե» (Deutsche Welle) հեռուստառադիոընկերությունը՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի վերաբերյալ հրապարակած հոդվածում։
Նշվում է, որ 2018թ․ հունիսից ակտիվիստները՝ ողջ Հայաստանի տարածքից, ոտքի կանգնեցին ու իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ հանքի, որն, իրենց խոսքերով, կաղտոտի իրենց հողն ու ջուրը։ Գիշեր ու ցերեկ տևած շրջափակման արդյունքում հաջողվեց լիովին դադարեցնել շինարարությունը։
«Մեկ տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը դեռ թարմ է պահում Թավշյա հեղափոխության ուժը, հայտնվեց երկու կողմերի ճնշման ներքո։ Մի կողմից լայնածավալ շարժումն է, որը հանքը ընկալում է որպես նախկին կոռումպացված ռեժիմի հետևանք, մի ռեժիմ, որից կարողացան ազատվել ընդամենը մեկ տարի առաջ, մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայում գրանցված կազմակերպություն, որն իրականացնում է Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագիրը»,-նշում է «Դոյչէ Վելլեն»՝ հավելելով, որնախքան Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքները սկսելը «Լիդիանը» հույսը դրել էր կոռումպացված իշխանության աջակցության վրա և տեղացիների խոսքով՝ իրենց առաջ դրվել էր երկընտրանք՝ կա՛մ վաճառել իրենց օրվա ապրուստն ապահովող արոտավայրերն ու մշակվող հողերը, կա՛մ դրանք ամեն դեպքում բռնագրավվելու են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։