Քոչարյան, Օհանյան, Խաչատուրով, Գևորգյան գործով դատական նիստը մեկնարկել է - RadioVan.fm

Онлайн

Քոչարյան, Օհանյան, Խաչատուրով, Գևորգյան գործով դատական նիստը մեկնարկել է

2019-09-12 15:17 , Право, 2109

Քոչարյան, Օհանյան, Խաչատուրով, Գևորգյան գործով դատական նիստը մեկնարկել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը առաջին ատյանում մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին, որը և նախագահում է նիստը։

Դատարանի բակում կրկին նիստին զուգահեռ ընթանում են ըննդեմ և ի աջակցություն Քոչարյանի ակցիաներ։

Նիստին ներկա են գործով բոլոր մեղադրյալներ։

Հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն՝

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով«Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն ՀՀ դրամին համարժեք 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանույան նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, <<Թի Էս Էս Սի Արմենիա>> ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Лента

Рекомендуем посмотреть