Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն (ՀՌԱՀ) այսօր կայացած նիստում քննարկել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերությանը նոր ռադիոծրագրերի հեռարձակում իրականացնելու համար հաճախականություններ տրամադրելու մասին գրության վերաբերյալ հարցը։
Խոսքը մայրաքաղաքային ծածկույթով 4 նոր ռադիոալիքների մասին է, որոնք ունենալու են հետևյալ անվանումներն ու ուղղվածությունները՝
-«Ռադիո Արևիկ». մանկական ռադիոալիք, որի բովանդակությունը արտադրելու են երեխաներն իրենց հասակակիցների, նաև ծնողների համար,
-«Ռադիո Ոսկե ֆոնդ». հեռարձակելու է հայ մեծերի ելույթների, հարցազրույցների, ռադիոթատրոնի բացառիկ գործեր, քաղաքական բնույթի վավերագրական նյութերի և այլն,
-«Ժողովրդական ռադիո». ռադիոկայանը հեռարձակելու է հայ և Հայաստանում ապրող չորս խոշորագույն փոքրամասնությունների՝ ասորի, եզդի, ռուս և քուրդ ժողովուրդների երաժշտությունը, բանավոր ավանդապատումները, սովորույթները, ծեսերը ու ավանդույթները:
- «Մշակութային ալիք»։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների կողմից տարաբնույթ հարցեր ու մտահոգություններ հնչեցին առ այն, որ այդ նոր ռադիոալիքները պետական հեռարձակողին մենաշնորհ կտան՝ ոչ մրցակցային դաշտ ստեղծելով մասնավոր ռադիոկայանների համար, իսկ շեշտը դնելով մայրաքաղաքի՝ ինֆորմացիոն առումով գերհագեցած ունկնդիրների վրա՝ ճիշտ չէ, քանի որ, գոնե, 1 հանրային հեռարձակող Վայքում պետք է լինի, որի բնակիչները, ըստ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի, Ամուլսարի հարցի վերաբերյալ նորություններ ստանում են Երևանից՝ աղավաղված, քաղաքականացված, հետևաբար, հանրային հեռարձակողը ոչ թե պետք է մտածի ազգային փոքրամասնությունների մասին հաղոդում տալու մասին, այլ թե ինչպես ամբողջ հանրապետությունում ապահովի հավասարաչափ զարգացումը։
Ինչ վերաբերում է Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի այն հավաստիացումներին, թե հանրային հեռարձակողը գովազդ չի տեղադրելու այդ 4 նոր ռադիոալիքներում, ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, Խումարյանի և Շիրինյանի հանդեպ մեծ համակրանք և վստահություն ունենալով հանդերձ, այդուամենայնիվ, նշեց․
«Մենք այդ հաճախականությունների թուլտվությունը տալիս ենք ոչ թե պարոն Շիրինյանին և պարոն Խումարյանին, այլ՝ Հանրային ռադիոյին, ինչը նշանակում է, որ կարող են իշխանության գալ ռադիկալ ուժեր, որոնք ոչ միայն խոսքի ազատության առումով կարող են սահմանափակումներ մտցնել ու փոխել այդ ալիքների բովանդակային ուղղվածությունը, այլ նաև կորոշեն գովազդ տեղադրել»։
Ըստ էության, ՀՌԱՀ-ը արձանագրային որոշմամբ բացասաբար արձագանքեց հանրային հեռարձակողի համար ներկա 3 ռադիոալիքները 7-ը դարձնելու առաջակին։
Շուրջ 1 ժամ տևած քննարկման մանրամասները՝ տեսանյութում։
Քննարկման ավարտից հետո «Ռադիո Վան»-ը Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է արձագանքում ՀՌԱՀ որոշմանը։ Նրա պատասխանը՝ տեսնյութում։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան