ՀՀ Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» կուսակցությունը քիչ առաջ տարածած հաղորդագրությամբ հատարարում է, որ այսօր պաշտոնապես միանում է Երևանում ծավալվող բողոքի շարժմանը: Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է. «Կուսակցության ակտիվը արձագանքելով կազմակերպիչների ու ժողովրդի կոչին` այսօր մեծ կազմով միանալու է ցուցարարներին: Մենք ողջունում ենք քաղաքակիրթ, խաղաղ ու չափազանց բարձր մակարդակով կազմակերպված երթն ու հանրահավաքը: Դա ժողովրդի զանգվածային կամաարտահայտում է, որից «Ալյանս»-ն անմասն մնալ չի կարող»:
«ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցածը ողբերգություն է, որը ծնվել է երկրում առկա բազմաթիվ պրոբլեմների պատճառով, իսկ այդ պրոբլեմների ճարտարապետը իշխանությունն է, որը պարտավոր է բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները ձեռնարկել խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար, այդ թվում` գնալով որոշակի զիջումների: Սա է մեր դիրքորոշումը, և որպես քաղաքական ուժ մենք տարածում ենք այն հրապարակավ` լրատվամիջոցներով, և ոչ թե քարեր նետող, ծեծող ու ծեծվող, անարդարությունից խեղդված, հայհոյող ու պայքարի դուրս եկած քաղաքացիների հաշվին Խորենացու փողոցում տեսախցիկների առաջ PR անող գործիչների նման»,-օրեր առաջ դատապարտելով տարբեր քաղաքական գործիչների ու կուսակցությունների կողմից Խորենացի փողոցում տեղի ունեցող զանգվածային, արդարացի դժգոհության շահարկումը՝ տարածած հայտարարությունում նշել էր «Ալյանս»-ը: