«Եթե բացեք պատուհանը և ուղղակի ներքև նայեք՝ կսարսափեք ու չեք էլ կարող մտածել, որ 3-4 օր հետո մարդը կարող է բացել աչքերը և սկսել խոսել, ասելով՝ «մամա»»,-օրեր առաջ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի 6-րդ հարկից ցած ընկած 2.5-ամյա Արվինի մոր՝ Մարզիա Վիքսոմի խոսքերն են փոխանցում Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից:
Նշվում է, որ փոքրիկ Արվինն իրանահայ հոր ու իրանցի մոր հետ հանգստանալու նպատակով առաջին անգամ նախնիների հայրենիք էր եկել Միացյալ Նահանգներից։
«Ես այս քաղաքում առաջին անգամ եմ, և սա իմ առաջին փորձությունն է: Հենց առաջին օրն այս դեպքը պատահեց մեր երեխային, նա ընկավ և այդ ժամանակ ես ինքս ինձ ասացի. «Աստված իմ, ես օտար քաղաքում եմ, ես չեմ ճանաչում ոչ ոքի, ես հուսահատ եմ, իմ որդին մահանում է, ես չգիտեմ ինչ անեմ»,- նշում է Արվինի մայրը:
«Առաջին վայրկյանից Երևանի քաղաքապետարանը լրջագույնս ուշադրության կենտրոնում է պահել այս խնդիրը, և ես հայտարարում եմ, որ այս երեխայի բուժումն ամբողջովին երեխայի ծնողների համար իրականացվելու է անվճար. Երևանի քաղաքապետարանը հոգացել է բոլոր ծախսերը»,- ասում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
«Մեջք-մեջքի մեզ հետ էին բոլոր հարցերում, և մենք շատ ուժեղ հույս ստացանք ու չորս օրվա մեջ մեր տղան արդեն աչքերը բացեց, մեզ ճանաչում է և դա բավականին մեծ ուրախություն էր մեզ համար: Հիվանդանոցում մեր երեխայի հետ վարվել են այնպես, ինչպես իրենց որդու հետ կվարվեին»,-երեխայի հոր՝ Արթին Վիքսոմի խոսքերն են փոխանցում քաղաքապետարանից՝ նկատելով, որ «օտար թվացող քաղաքը մեկ օրում դարձավ հարազատ, Երևանի ջերմությունն ու հոգատարությունը Վիքսոմների ընտանիքն զգաց դժվարության մեջ հայտնվելու հենց առաջին իսկ վայրկյաններից»:
«Բոլորն ականջիս շշնջում էին՝ դուք ապահով տեղում եք, ձեր որդին ապահով ձեռքերում է, բոլորը սիրում են ձեզ և նրանք այստեղ են, որ ձեզ օգնեն, և հաջորդ օրը ես հասկացա, թե որքան ընկերասեր են նրանք, կախարդական է ամեն ինչ, հրաշք է: Ես կարծում եմ, որ Աստված ցանկացավ, որ ես լինեմ այստեղ, սա իմ հարազատ քաղաքն է, ես հարգում եմ և երախտապարտ եմ բոլորին»,-ասում է երեխայի մայրը՝ ընդգծելով, որ փորձությունները կմնան անցյալում, փոխարենը Արվինն իր հետ կտանի հայրենիքի անսահման սերը՝ հնարավորություն տալով զգալ հայկական արմատների ուժը։
Նշենք, թեև փոքրիկ Արվինն արդեն շնչում է ինքնուրույնաբար, ճանաչել է ծնողներին, խոսել նրանց հետ, այդուամենայնիվ, նրա վիճակն այսօր դեռ գնահատվում է ծանր, բայց՝ կայուն: Տղան բժիշկների խիստ հսկողության ներքո է:
«Ես ուղղակի խնդրում եմ՝ աղոթեք մեզ համար, որ մենք լինենք պաշտպանված ու իմ որդին շուտ կազդուրվի»,-խնդրում է փոքրիկի մայրը։