Մոսկվայի շրջանային զինվորական դատարանի վճռով Հայաստանի քաղաքացի Աշոտ Գրիգորյաը մեղավոր է ճանաչվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեության մեջ անչափահասի ներգրավելու մեջ:
Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ արդեն 10 տարի ազատազրկում կրող Գրիգորյանի ապօրինի գործունեությունը բացահայտել են Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի շրջանի անվտանգության դաշնային ծառայության գրասենյակի աշխատակիցները:
«Ա. Մ. Գրիգորյանի ապօրինի գործունեության հետագա հետաքննության ընթացքում բացահայտվել է նրա կողմից Ռուսաստանում արգելված ԴԱԻՇ միջազգային ահաբեկչական կազմակերպությունում անչափահասի ներգրավելու փաստը, որը, ընկնելով նրա ազդեցության տակ, մեկնել է Սիրիայի տարածք՝ մասնակցելու ահաբեկիչների կողմից կատարվող ռազմական գործողություններին»,-Վլադիմիրի շրջանի անվտանգության դաշնային ծառայության գրասենյակի հաղորդագրությունն է մեջբերում գործակալությունը։
Աշոտ Գրիգորյանի համար որպես վերջնական պատժամիջոց սահմանվել է 14 տարվա ազատազրկում խիստ ռեժիմով գաղութում: