Սիմֆոնիկ նվագախումբը առաջին անգամ Երևանում նոր գործիքավորմամբ ներկայացրեց Մանսուրյանի կինոերաժշտությունը - RadioVan.fm

Онлайн

Սիմֆոնիկ նվագախումբը առաջին անգամ Երևանում նոր գործիքավորմամբ ներկայացրեց Մանսուրյանի կինոերաժշտությունը  

2019-09-07 16:47 , Культура, Шоу бизнес, 1334

Սիմֆոնիկ նվագախումբը առաջին անգամ Երևանում նոր գործիքավորմամբ ներկայացրեց Մանսուրյանի կինոերաժշտությունը

Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան 80» փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ Երևանում նոր գործիքավորմամբ ներկայացրեց կոմպոզիտորի կինոերաժշտությունը:

Երեկոն անցկացվեց սեպտեմբերի 6-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սմբատյանն ասաց, որ նվագախումբն անհավանական մեծ սեր է տածում Մանսուրյանի ստեղծագործությունների հանդեպ: «Մաեստրոյին բոլորն են շատ սիրում, իսկ այս փառատոնը յուրահատուկ է, քանի որ հնարավորություն է տալիս հանրության լայն շրջանակին մատուցել Մանսուրյանի բազմաժանր ստեղծագործությունները», - նշեց նա:

Դիրիժորի խոսքով`Հայաստանում մաեստրոյին գնահատում են, որպես կինոերաժշտության մեծագույն վարպետի: «Նրա կինոերաժշտությունը թանկ է տարբեր սերունդների ներկայացուցիչների համար: Այն այնքան հզոր է, որ շատ երեխաներ, փոքրիկներ, երիտասարդներ, որոնք չեն դիտել ֆիլմերը, անգիր գիտեն երաժշտությունը: Երբ Մանսուրյանի հետ որևէ տեղ ենք գնում, իրարանցում է սկսվում. բոլորը ցանկանում են լուսանկարվել նրա հետ», - պատմեց Սմբատյանն ու հավելեց, որ աշխարհը Մանսուրյանին ճանաչում է սիմֆոնիկ, կամերային բարդ ստեղծագործություններով` նրա համարելով նոր շունչ բերող կոմպոզիտոր:

Տիգրան Մանսուրյանն էլ ասաց, որ փառատոնի շրջանակում կազմակերպված համերգային երեկոներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում. հանդիսատեսը ջերմ է: Նա խոստովանեց, որ իր կինոերաժշտությունը շատ են սիրում:

Համերգային երեկոյին մանսուրյանական խորաթափանց երաժշտությանը զուգահեռ մեծ էկրանին ցուցադրվում էին հատվածներ «Աշնան արև», «Կտոր մը երկինք», «Գիքոր»-ը,«Մեր մանկության տանգո»-ն, «Ճերմակ անուրջներ»-ը և այլ սիրված կինոնկարներից, որոնցում հնչում են Մանսուրյանի ստեղծագործությունները:

Երեկոյին, որն անցկացվեց մարդաշատ դահլիճում, ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մաեստրո Մանսուրյան 80» համերգաշարը մեկնարկել է սեպտեմբերի 1-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակում: Այնտեղ հնչել է մաեստրոյի կինոերաժշտությունը: Սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը թևածել է մաեստրոյի կամերային երաժշտությունը, որն ունկնդրին մատուցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակը: Համերգի մենակատարներ են եղել դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և սոպրանո Աննա Ավդալյանը։

Սեպտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թավջութակահար Անյա Լեխների, ջութակահար Անուշ Նիկողոսյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ ներկայացրել է Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտները։

Համերգաշարն ամփոփվելու է սեպտեմբերի 13-ին Գյումրիում՝ կրկին կինոերաժշտության կատարումներով:

Նախաձեռնությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Лента

Рекомендуем посмотреть