Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արձագանքել է իրենց շարքերը լքելու որոշման մասին Արման Բաբաջանյանի հայտարարությանը։
Նշենք՝ խմբակցությունը լքելու իր որոշման մասին Արման Բաբաջանյանը հայտարարել է այսօր։
«Առաջիկայում կտեղեկացնեմ նաև՝ արդյոք հրաժարվո՞ւմ եմ նաև պատգամավորական մանդատից, թե՞ քաղաքական ակտիվ գործունեությունս շարունակում եմ անկախ պատգամավորի կարգավիճակում»,-նշել է պատգամավորը։
«Լուսավոր Հայաստան»-ն ահա, ակնկալում է, որ Արման Բաբաջանյանը նույն սկսբունքայնությամբ կվերադարձնի կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։
««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում»,-ասված է ընդդիմադիր խմբակցության տարածած հայտարարությունում, որը հրապարակված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջում: