Միջազգային տեխնոլոգիական առաջատարներից մեկը՝ ֆրանսիական «Thales Group» ընկերությունը, Հայաստանի հետ համագործակցելու շատ լավ հեռանկարներ է տեսնում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան ժամանած ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Պոլ Ռեմին։
«Մեր ցանկությունն է հասնել շոշափելի արդյունքների, լուրջ գործեր անել: Մտադրություն ունենք համագործակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական էկոհամակարգի հետ: Սակայն պետք է լրջորեն աշխատենք՝ հստակեցնելու իրական և շոշափելի ուղղությունները: Մենք համագործակցության համար մի շարք ոլորտներ ենք դիտարկում: Շատ ոգևորող տարրեր տեսանք էլեկտրոնային փորձարկման կարողությունների ոլորտում, հետաքրքիր մոտեցումներ՝ արհեստական բանականության ոլորտում: Մտադիր ենք կրկին այցելել Հայաստան՝ այնքան հաճախ, որքան կպահանջվի: Հայաստանը շատ ռեսուրսներ ունի, օրինակ` մարդկային կապիտալը: Որպես բարձր տեխնոլոգիական ընկերություն՝ մենք Հայաստանը դիտարկում ենք որպես մեծ շուկա: Հայաստանը փոքր երկիր է, սակայն ունի շատ հզոր կրթական ու տեխնոլոգիական հիմքեր, իսկ Thales-ի նման ընկերության համար դա մեծ առավելություն է»,-նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ ընդգծել է Պոլ Ռեմին:
«Մեր այցի նպատակը Հայաստանի և «Thales Group»-ի միջև ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքելն է՝ հստակեցնելու այն պոտենցիալ ուղղությունները, որոնցով կարող ենք ներկայություն ունենալ ձեր երկրում: Ուստի սա շատ կարևոր է: Շատ լավատեսորեն ենք տրամադրված: Առաջիկայում մեր գլխավոր տնօրենին ենք ներկայացնելու այն ամենը, ինչ գտանք այստեղ՝ հետագա քայլեր ձեռնարկելու նպատակով»,-ընդգծել է «Thales Group»-ի տարածաշրջանային տնօրենը:
«Thales Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում։