«Մենք չենք օգտվում բնական արևի լույսից»․ Ալեն Սիմոնյանը՝ «ամառային ժամանակին» անցնելու նպատակահարմարության մասին - RadioVan.fm

Онлайн

«Մենք չենք օգտվում բնական արևի լույսից»․ Ալեն Սիմոնյանը՝ «ամառային ժամանակին» անցնելու նպատակահարմարության մասին

2019-09-02 17:30 , Политика, 1517

«Մենք չենք օգտվում բնական արևի լույսից»․ Ալեն Սիմոնյանը՝ «ամառային ժամանակին» անցնելու նպատակահարմարության մասին

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կարծիքով «ամառային ժամանակին» անցնելու գաղափարը շատ օգտակար կլինի բոլոր առումներով։

«Առավոտյան լուսաբացը ժամը 6:30 է , իսկ մայրամուտը՝ 19:30։

Սա նշանակում է, որ մենք չենք օգտվում բնական արևի լույսից և դրա փոխարեն սպառում մոտ մեկ ժամ ավելի հոսանք երեկոյան, վճարում ավելի շատ, քան պետք է վճարենք թե՛ մեր բնակարանի հոսանքի համար և թե՛ որպես տնտեսվարող:

Կարծում եմ՝ ամառային ժամի անցմանը գաղափարը շատ օգտակար կլինի բոլոր առումներով:

Բարի լույս բոլորին»,-գրել է Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նշենք՝ ՀՀ Ազգային ժողովը 2012 թվականին «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում կատարած փոփոխություններով ուժը կորցրած ճանաչեց 1997 թվականի դեկտեմբերին ընդունած օրենքը, ըստ որի՝ յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 02.00-ին ժամացույցի սլաքը առաջ էր տարվում մեկ ժամով, իսկ հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 03.00-ին՝ մեկ ժամով հետ բերվում։

Հանրապետական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը Կառավարության կողմից հավանության էր արժանացել 2012-ի հունվարի 26-ին, ԱԺ-ում օրենսդրական փոփոխությունները շատ արագ ընդունվեցին՝ փետրվարի 9-ին, իսկ ՀՀ նախագահը դրանք վավերացրեց մարտի 1-ին։

Նախագծի հեղինակները՝ հանրապետականներ Կարինե Աճեմյանը և Գալուստ Սահակյանը, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել էին հետևյալով․

«Հայաստանը գտնվում է 4-րդ ժամային գոտում և, երբ Հայաստանի Հանրապետությունում ժամային փոփոխություններ են կատարվում, մեր տեղական ժամանակը Գրինվիչից տարբերվում է որոշակի ինտերվալով։ Ամռանը այդ տարբերությունը կազմում է 5 ժամ, ձմռանը՝ 4 ժամ:

Առողջապահության բնագավառի մասնագետները նշում են, որ գարունն ու աշունն օրգանիզմի համար առավել «սթրեսային եղանակներ» են, մարդը սկսում է հարմարվել եղանակային փոփոխություններին, մինչդեռ ժամային փոփոխությունները դրան գումարվող ևս մեկ արհեստական խնդիր է առաջացնում։ Այդ կապակցությամբ ժամերի փոփոխությունից վերջնականապես հրաժարվել են ավելի քան 80 երկրներ։ Այժմ, Ամառային ժամանակից օգտվում են ԱՄՆ-ում, Կանադայում, համարյա ողջ Եվրոպայում, Ռուսաստանում: Դրան հակառակ, Ամառային ժամանակից հրաժարվել են հասարակածին մոտ գտնվող երկրները, ինչպես նաև Ճապոնիան, Չինաստանը, Սինգապուրը, Էստոնիան և Կենտրոնական Ասիայի պետությունները և ևս 128 երկիր` այդ թվում ԱՊՀ բոլոր երկրները:

Ամառային ժամանակի կողմնակիցները պնդում են, որ մարդը բնական ձգտում ունի արթնանալ լուսաբացին, որպեսզի առավելագույնս օգտագործի օրվա լուսավոր ժամանակահատվածը, քանի որ մարդու ֆիզիոլոգիական ակտիվության շրջանը համընկնում է լուսավոր ժամերի հետ:Դա հնարավորություն է տալիս խնայել շուրջ 200 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա, սակայն մութ ժամերին աշխատանքի դուրս գալու արդյունքում ավելացող ավտովթարների պատճառած վնասն ավելին է, քան էլեկտրաէներգիայի խնայողությամբ ստացված օգուտը։ Մինչդեռ, ամառային ժամանակի կիրառումը, որպես կանոն բացասաբար է անդրադառնում մարդու առողջության, մասնավորապես, սրտանոթային հիվանդությունների վրա։ Այն 5%-ով մեծացնում է սրտի կաթվածների վտանգը հատկապես առաջին երեք օրերի ընթացքում:

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կվերադառնա նորմալ գոտիական ժամանակի, յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի ժամացույցի սլաքը այսուհետ մեկ ժամով առաջ չի տրվի, անցում չի կատարվի ամառային ժամանակի, դրականորեն կանդրադառնա, մասնավորապես, մարդկանց առողջության վրա»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Լուսանկարը՝ Sputnik-ի

Лента

Рекомендуем посмотреть