«Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբծառայողական քննություն է սկսվել` ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունն ստուգելու նպատակով»,- այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք՝ միջազգային փորձագիտական խմբի կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման համալիր փորձաքննության եզրակացությունն ուսումնասիրելուց հետո ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության (ՀԿԳ) գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել էր, թե հանքի շահագործման հետ կապված քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան։
Բնապահպան Լևոն Գալստյանի համար, մինչդեռ, ՀՀ քննչական կոմիտեի կողմից հանքի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան»-ի առարկություններն ու պատասխանները գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակելը անհասկանալի էին։
«Քննչական կոմիտեն «Լիդիանի» փաստաբա՞նն է»,-հայտարարարել էր բնապահպանը։
Մամուլն այնուհետ հայտնեց Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանի և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապ ունենալու մասին, ինչը ՀՀ քննչական կոմիտեից չէին հերքել։
«Հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբերհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, սակայն հարկ ենք համարում նշել, որ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը՝ ողջամիտ չէ: Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվել է Յուրա Իվանյանի վարույթում՝ ոչ թե հաշվի առնելով ինչ-որ ազգակցական կապեր, այլ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվում են հասարակական մեծ հնչեղություն ունեցող մեծածավալ, առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերը, իսկ կոռուպցիոն բնույթի գործերը՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբերհանցագործությունների քննության վարչության վարույթում»,-«Ֆակտոր»-ի հարցամանն ի պատասխան հայտնել էին Կոմիտեից։
Նշենք՝ Արամայիս Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2016 թվականին, Ամուլսարի հանքի շահագործմանը դրական եզրակացություն էր տրվել։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը