Անկախ Արցախն այսօր տոնում է 28 ամյակը - RadioVan.fm

Онлайн

Անկախ Արցախն այսօր տոնում է 28 ամյակը

2019-09-02 13:00 , Общество, 1365

Անկախ Արցախն այսօր տոնում է 28 ամյակը

«1991 թվականի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, ապրել ազատ ու անկախ հայրենիքում՝ պահելով ու փայփայելով ազգային արժեքներն ու ավանդույթները, հավատն ու լեզուն»,-Արցախի Հանրապետության օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է նախագահ Բակո Սահակյանը։

Բակո Սահակյանն ընդգծել է,-«Դա դժվարին, բայց և պատվաբեր ճանապարհ էր, որը մենք անցանք մայր Հայաստանի ու սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի՝ միասին հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին կերտելով մեծ հաղթանակներ:

Եվ այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը, հետևողականորեն ու շարունակաբար ամրապնդելով մեր անկախ ու ժողովրդավարական պետությունը, ամուր հիմք դնելով սերունդների հուսալի ապագայի համար:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի փառս մեր հայրենիքի բարգավաճման ու ժողովրդի բարօրության»:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ կազմավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը` բոլոր մակարդակի խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, ընդունել է հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին` ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին համապատասխան:

Լուսանկարը՝ Վարդան Պետրոսյանի

Лента

Рекомендуем посмотреть