Վերջին մի քանի շաբաթները ցույց տվեցին ինձ, թե ուր կարող է հասնել որոշ բիզնեսների ագահությունը, և միևնույն ժամանակ որքան մեծահոգի կարող են գտնվել այլ մատակարարները: Այդ մասին champord.am կայքում գրել է շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին, հրապարակելով իր հետհարսանեկան խոհերը՝ հարսանեկան տնտեսագիտության մասին:
Վերլուծելով իր հարսանյաց արարողության նախապատրաստական աշխատանքներում ներգրավված հարսանյաց արարողություններ կազմակերպող և ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատաոճը՝ Արիանան անկեղծանում է՝ «մատակարարների մեծ մասի վարքը անընդունելի կոպիտ էր և տրամագծորեն հակառակ լավ կազմակերպության գործելակերպին»:
«Հասկանալի է, որ ամուսնական արարողությունը սպասարկող մատակարարները կարող են համեմատաբար ավելի մեծ գումարներ պահանջել: Ամբողջ աշխարհում է այդպես: Սա յուրահատուկ օր է, պահանջարկը մեծ է, իսկ որոշակի հատուկ ծառայությունների մատակարարները՝ քիչ: Սակայն կա հավասարակշռության կետ, որտեղ մատակարարի և գնորդի շահերը հատվում են, և գինը այլևս չի բարձրանում: Դա օրինաչափ է աշխարհում, մինչդեռ Հայաստանում նման դեպքերը եզակի բացառություններ են:
Դիցուք, երիտասարդ զույգը որոշել է ամուսնանալ ու ցանկանում է շատ համեստ մի արարողություն կազմակերպել։ Որոշ իրեր պարտադրվածության աստիճան ընդունված են նման առիթներին։ Օրինակ, վերցնենք ամենաանհրաժեշտը՝ ծաղիկներ, վրանների և մեքենայի վարձույթի, տպագրական ծառայություններ մատուցող ընկերությունների բիզնես առաջարկները: Տհաճ էր, երբ նրանք իմանալով, որ դա Լևոնի և իմ հարսանիքն է, սովորականից կրկնակի անգամ ավել էին պահանջում: Ու գիտեք, ես վստահ եմ, որ նրանք նույն կերպ կվարվեին նաև այլ զույգերի հետ՝ եթե տեսնեին, որ սրտաբաց մարդիկ են կամ նորմալ են վաստակում»,-գրում է Լևոն Արոնյանի կինը, ով հանդիսանում է նաև «Ճամփորդ» թերթի գլխավոր խմբագիրը և համանուն ՍՊԸ-ի հիմնադիրը (խմբ.-«Ճամփորդ» թերթը ամեն երեքշաբթի երևանցիներին անվճար տրվում է հանրային տրանսպորտում՝ ավտոբուսում, տրոլեյբուսում, մետրոյում):
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գավաթի կրկնակի չեմպիոն Լեւոն Արոնյանի և ֆիլիպինցի Արիանա Կաոիլիեի հարսանյաց հանդիսությունը կայացավ 2017թ. սեպտեմբերի 30-ին: Զույգի պսակադրության արարողությունը Սաղմոսավանքում էր: Հարսանիքի քավորն էր Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: