Անվանի գեղանկարիչ, քանդակագործ Հաղթանակ Շահումյանն իր ծննդյան 75-ամյակի առթիվ «Պատրանք և իրականություն» ցուցահանդեսով ներկայացրեց իր ստեղծագործական կյանքի տարբեր շրջանները. օգոստոսի 30-ին Հայաստանի նկարիչների միությունում մեկնարկած ցուցահանդեսին ներկայացվեց հեղինակի մոտ 90 գեղանկար և գրաֆիկա, ինչպես նաև 10 քանդակ:
«Ներկայացված են տարբեր ժամանակների աշխատանքներ, կան նաև 1975թ որոշ գործեր, սակայն հիմնականում 1988-ից հետոյի աշխատանքներ են: Ներկայացված են նաև գրաֆիկական շարքերից որոշ նկարներ»,-ասաց Շահումյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով ցուցահանդեսի խորագիրը՝ Շահումյանը նշեց՝ նկարչությունն իրականությունից է թելադրված, սակայն այն նաև պատրանք է: «Հարթության վրա տարածություն, օդ, բնություն ես ստեղծում: Նաև կյանքն է այդպիսին, կա իրականություն, կա երազ, որը երբեմն իրականություն է դառնում»,-նշեց նա:
Նկարիչը 1968 թվականից սկսած շատ ցուցահանդեսների է մասնակցել, սակայն Հայաստանում անհատական ցուցահանդեսներ քիչ է ունեցել, Երևանում՝ 4-ը, Արցախում՝ 2-ը, իսկ արտերկրում՝ ավելի քան 35 ցուցահանդես:
Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նկատեց, որ Շահումյանի անցած ստեղծագործական ուղին անգնահատելի հետք է թողել հայ կերպարվեստի էջերում: «Նա հատկանշական դեր է ունեցել նաև Երևանի գլխավոր նկարչի պաշտոնում՝ այդ տարիներին գեղեցկացնելով մայրաքաղաքը», - ասաց Սաֆարյանն ու Նկարիչների միության անունից շնորհավորեց Շահումյանին ծննդյան 75-ամյակի առթիվ:
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նկատեց, որ արվեստները միմյանց հետ շաղկապված են: «Հաղթանակ Շահումյանը տարբեր ժամանակները կապում է իր հետ: Նրա արվեստում կա իմաստություն, խորություն՝ այն, ինչ միշտ ձգել է բոլորին և կարող է ձգել յուրաքանչյուր երիտասարդի», - ասաց Սաթյանն ու նշեց, որ Շահումյանի արվեստում տեսնում է տարբեր ուղղությունների սինթեզ: