Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. երկու ՀՀ քաղաքացի զոհվել են, տասնյակից ավել տուժել են - RadioVan.fm

Онлайн

Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. երկու ՀՀ քաղաքացի զոհվել են, տասնյակից ավել տուժել են

2019-08-31 13:16 , Общество, 1446

Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. երկու ՀՀ քաղաքացի զոհվել են, տասնյակից ավել տուժել են

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը օգոստոսի 31-ին, ժամը 02։00-03։00 միջակայքում վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։

ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,- գրել է Նաղդալյանը։

Վթարի մասին հայտնել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսի վթարից տուժածների թվի և նրանց առողջական վիճակի մասին, ըստ որի վթարի հետևանքով տուժած հայրենակիցների թիվը հասել է 16-ի։

«Նախնական տվյլաներով՝ Վրաստանի տարբեր հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրանցից 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել, 3-ի վիճակը գնահատվում է բավարար, իսկ 3 տուժածների մասին այս պահին հավելյալ տեղեկատվություն է հավաքվում։

Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Лента

Рекомендуем посмотреть