«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակներ հանձնեց առաջատար համալսարաններ ընդունված ավելի քան 54 երիտասարդներին - RadioVan.fm

Онлайн

«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակներ հանձնեց առաջատար համալսարաններ ընդունված ավելի քան 54 երիտասարդներին

2019-08-30 17:15 , Образование, 2113

«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակներ հանձնեց առաջատար համալսարաններ ընդունված ավելի քան 54 երիտասարդներին

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում կայացավ աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված ավելի քան 54 երիտասարդներին «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և հիմնադրամի կրթաթոշակառուները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ուսանողները հնարավորություն ունեն բացել մի նոր էջ իրենց կյանքում, որտեղ ստանալու են նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք օգտագործելու են ամբողջ կյանքում:

«Լավ է, որ կան նման հիմնադրամներ, որոնք աջակցում են առաջին հերթին մեր երիտասարդներին և երկրորդ հերթին պետությանը, որովհետև բարեփոխումների այս փուլում հիմնականում մեզ անհրաժեշտ են այնպիսի մասնագետներ, որոնք կունենան ստեղծագործելու, վերլուծելու հմտություններ, կունենան նոր գիտելիք և նորարարության ոլորտում հաջողություններ: Սա կարևոր է Հայաստանի Հանրապետության համար: Պետությունը, իր հերթին, որոշակի ջանքեր գործադրում է, բայց մեր գործընկերները նույնպես օգնում են այս ճանապարհին»,- ասաց Հարությունյանը:

Ըստ նախարարի` հետագայում կքննարկվի ծրագիրը ավելի ընդլայնելու հնարավորությունը:

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի խոսքով` նա հպարտ է աշխարհի առաջատար բուհեր ընդունված երիտասարդներով:

Աննա Հակոբյանը հիշեցրեց, թե ինչպես «Իմ քայլը» հիմնադրամը ներգրավվեց այս գործում:

«Հեղափոխությունից հետո «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ էր տրամադրում աշխարհի տարբեր բուհեր ընդունված հայ ուսանողներին, կասեցրեց գործունեությունը: «Իմ քայլը» հիմնադրամը ստեղծվեց այդ բացը լրացնելու համար: Անցյալ տարի շատ արագ և ճգնաժամային իրավիճակում կարողացանք ընդունված ուսանողներին ապահովել կրթաթոշակով»,- ընդգծեց Հակոբյանը:

Վարչապետի տիկինն ասաց, որ պետությունը սպասում է բոլոր ոլորտներում սովորող ուսանողների վերադարձին հայրենիք այն հույսով, որ իրենց գիտելիքները կօգտագործեն՝ զարգացնելու Հայաստանի Հանրապետությունը:

Лента

Рекомендуем посмотреть