Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բացառիկ փոփոխություն է որակում Քրեական օրենսգրքով նախատեսված այն լրացումները, ըստ որոնց՝ քրեական հեղինակությունների դեմ օրենքով պայքար կմղվի։
Կառավարության այսօրվա նիստում գլխավոր դատախազն ասաց, որ այսօրվա հանցավորության մակարդակի վրա էական ազդեցություն ունի քրեական ենթամշակույթը։ Բազում հանցագործություններ ծնող պատճառը հենց այդ ենթամշակույթն է, դրան սատարող անձանց վարքագիծը։
«Նույն ենթամշակույթի, այսպես կոչված, շահառուները էապես վնասում են նաև հանցագործությունների բացահայտման գործընթացին։ Հիմիկվանից պետք է պլանավորել այն աշխատանքը, որը օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պետք է իրականացվի»,- ասաց դատախազը։ Արդարադատության ակադեմիայում, նրա խոսքով, արագ ուսուցումներ պետք է անցկացվեն քննիչների, դատախազների ու դատավորների համար, որպեսզի պատրաստ լինեն միասնական մոտեցումներին։ Կարևոր է նաև կանխարգելիչ աշխատանքը։ «Այլ լեզվով ասած՝ նույն շրջանակներին իրազեկել, թե ինչ կարող է իրենց սպասել առաջիկայում, եթե չվերանայեն իրենց վարքագիծը», - ասաց Արթուր Դավթյանը։