Երևանում կբացվի Վրաստանի վաստակավոր նկարիչ հայազգի Լև Բայախչևի անհատական ցուցահանդեսը - RadioVan.fm

Онлайн

Երևանում կբացվի Վրաստանի վաստակավոր նկարիչ հայազգի Լև Բայախչևի անհատական ցուցահանդեսը

2019-08-29 10:33 , Культура, Шоу бизнес, 1414

Երևանում կբացվի Վրաստանի վաստակավոր նկարիչ հայազգի Լև Բայախչևի անհատական ցուցահանդեսը

Սեպտեմբերի 8-ին Երևանի SarGallery պատկերասրահում կբացվի Վրաստանի վաստակավոր նկարիչ հայազգի Լև Բայախչևի անհատական ցուցահանդեսը: Պատկերասրահի տնօրեն Արմինե Սահակյանից Panorama.am-ին տեղեկացավ, որ առաջին անգամ Հայաստանում է ներկայացվելու թանգարանային և մասնավոր հավաքածուներից աշխատանքներ։ Նա նշեց, որ ընդհանուր առմամբ, ցուցադրվելու է 30 աշխատանք, որից 12-ը մասնավոր հավաքածուներից են, որոնք գնվել են տարբեր երկրներից և այժմ SarGallery -ի հավաքածուի մաս են կազմում։ 18 աշխատանք տրամադրել է Վրաստանում նկարչի տուն-թանգարանի տնօրինությունը։

Վրացահայ նկարիչ, Վրացական ԽՍՀ վաստակավոր նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ Լև Բայախչևը (1930-1992 թթ) 1959 թվականին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան: Նրա շուրջ 60 աշխատանքներ գտնվում են Վրաստանի ազգային թանգարանում, Թբիլիսիի պատմության թանգարանում, ինչպես նաև բազմաթիվ պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ Բայախչևի «Խաչելություն» կտավը գտնվում է Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում։

Լև Բայախչևն իր աշխատանքներում արտացոլում է անծայրածիր և բարի մի աշխարհ՝ ստիպելով ականատեսին հիանալ շրջապատող գեղեցկությամբ: Դիմանկարները, բնապատկերներն ու նատյուրմորտները նկարչի ստեղծագությունների անվերջանալի թեմաներն են, որոնց վրա նա աշխատել է մինչև իր կյանքի վերջին օրերը:
Բայախչևը կարծում էր, որ նկարչի համար, պրոֆեսիոնալիզմի հետ մեկտեղ, մեծ նշանակություն ունի պատկերման առարկայի հանդեպ անձնական վերաբերմունքը: Նկարիչը պետք է շատ սիրի այն, ինչ պատկերում է, և կապ չունի, թե այն դիմանկար է, նատյուրմորտ, մերկ մարմին կամ բնանկար։

Лента

Рекомендуем посмотреть