«Դեռ շատ գաղտնիքներ կան թաքնված»․ Օձաբերդ հնավայրի պեղումները պատմագիտական նոր իրողություններ են բացահայտել - RadioVan.fm

Онлайн

«Դեռ շատ գաղտնիքներ կան թաքնված»․ Օձաբերդ հնավայրի պեղումները պատմագիտական նոր իրողություններ են բացահայտել

2019-08-28 20:55 , Наука, HiTech, 1473

«Դեռ շատ գաղտնիքներ կան թաքնված»․ Օձաբերդ հնավայրի պեղումները պատմագիտական նոր իրողություններ են բացահայտել

Արդեն վեց տարի է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի Օձաբերդ կոչվող հնավայրում հնագիտական հետազոտություններ է իրականացնում հայկական արշավախումբը՝ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի ղեկավարությամբ:

Այս տարվա պեղումները Օձաբերդում, որոնք սկսվել են հուլիսի 27-ին և շարունակվել մեկ ամիս, արձանագրել են հետաքրքիր բացահայտումներ, որոնք նոր ուղղումներ են մտցնում թե հուշարձանի շերտագրության, թե պատմագիտական մինչ այժմ եղած պատկերացումների մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի ղեկավար Միքայել Բադալյանը, պեղումներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ Գիտության պետական կոմիտեի «Ենթակառուցվածքի զարգացման ծրագրի» դրամաշնորհի շրջանակում: Այս տարի պեղումները կենտրոնացված են եղել 2 տեղամասում՝ ամրոցի արևելյան հատվածում (տեղամաս E2) և միջնաբերդի հյուսիսարեւելյան աշտարակի և հյուսիսային պատի դիմաց ընկած հատվածում, որտեղ ֆիքսվել էր թեքահարթակ (տեղամաս G):

Տեղամաս E2-ում բացվեց 3 մետր հաստությամբ կիսակիկլոպյան շարով պատերով մի կառույց: Պարզ դարձավ, որ այստեղ սկզբնական փուլում հիմնաժայռի քարերի վրա դրել են կիսակիկլոպյան շարի քարերը, այնուհետև դրանց կից միջին մեծության քարերով բարձրացրել մակարդակը և զուգահեռ շարել մեկ այլ ոչ այդքան հզոր պատ, ինչի արդյունքում ստացվել է հարթակով միջանցք: Սա բավական հետաքրքիր կառույց է, որն, անկասկած ունեցել է կարեւոր նշանակություն: Գտնված խեցեղենը թույլ է տալիս կառույցի շինարարությունը և հետագա կյանքը վերագրել Ք. ա. 8-6-րդ դարերին:

Խիստ հետաքրքիր և կարեւոր արդյունքներ գրանցվեցին Օձաբերդի միջնաբերդի հյուսիսարևելյան աշտարակի և հյուսիսային պատի դիմաց ընկած հատվածում: Այստեղ դեռևս 2017 թվականին ֆիքսվել էր թեքահարթակ, որը շարունակվում է միջնաբերդի պարիսպների երկայնքով: Նման թեքահարթակները հատկապես տիպիկ են խեթական ճարտարապետությանը և արվում են պաշտպանողական ու էսթետիկ նպատակներով: Հյուսիսարևելյան աշտարակի և հյուսիսային պատի միջնամասում դեպի հյուսիս դրվեց մի ստուգողական խուզահորան, ինչի արդյունքում բացվեցին աղյուսներ եւ հենապատ: Ընդհանրապես, այս աղյուսները կարելի է համարել Սևանա լճի ավազանում հնագիտորեն ֆիքսված առաջին դասական ուրարտական աղյուսները: Պարզ դարձավ, որ միջնաբերդի պատերը դրված են աղյուսների վրա: Սա ֆենոմենալ երեւույթ է, որը անչափ կարեւոր տեղեկություն է տալիս տարածաշրջանում Երկաթի դարաշրջանում ամրոցաշինության և շինարարական ավանդույթների վերաբերյալ: Այս տարվա պեղումների արդյունքում պարզ դարձավ, որ թեքահարթակն արվել է ավելի ուշ փուլում՝ հավանաբար հետուրարտական ժամանակաշրջանում, Ք.ա. 7-րդ դարի վերջից 6-րդ դար ընկած ժամանակահատվածում:

Առհասարակ, Օձաբերդում 6 տարիներին իրականացված հնագիտական պեղումները կարևոր տեղեկություններ են հաղորդում տարածաշրջանում ուշ ուրարտական և ետուրարտական ժամանակաշրջանների ուսումնասիրության համար: Այստեղ բացվել են 2 մետր բարձրությամբ, կանոնավոր ճարտարապետությամբ պատերով և մուտքերով կառույցներ, գտնվել է արտաքին բնակավայրը: Ակնհայտ է, որ Օձաբերդը Սեւանի հարավային ավազանում եղել է կարեւոր կենտրոն ոչ միայն ուշուրարտական, այլ նաև ետուրարտական ժամանակաշրջանում: Այս տարի Օձաբերդի հնագիտական արշավախմբի անդամներն են արշավախմբի ղեկավարի տեղակալ, հնագետ Արթուր Միքայելյանը, Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արման Եղիազարյանը, Արսեն Աթաբեկյանը: Պեղումներին մասնակցել են նաև Արծվանիստ համայնքի 5 բնակիչ, ինչպես նաև կամավորներ Հայաստանից և Ռուսաստանից: Համապատասխան որոշակի ենթակառուցվածքների ստեղծման դեպքում Օձաբերդը կարող է դառնալ Գեղարքունիքի մարզի զբոսաշրջային կարևոր կենտրոններից մեկը: Մեր կողմից կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով, արշավախմբի ավելի ընդլայնված կազմով, քանի որ այս հուշարձանի շերտերում դեռ շատ գաղտնիքներ կան թաքնված»,-նշեց Միքայել Բադալյանը:

Лента

Рекомендуем посмотреть