ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում, առանձնատանը, բնակարանում, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց պատկանող տարածքներում և առանձնատներում: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում։
«Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել, վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտը իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, տարածքներում, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում»,- ասաց Վանեցյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է:
«Դեռևս շարունակվում է խուզարկությունը, դրա ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ:Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով: Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, կլրացվի այլ հոդվածներով, դա քննչական դեպարտամենտի գործառույթն է, որը քննիչները կիրականացնեն»,- ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը:
Նա հավելեց, որ խուզարկության հետ կապված որևէ բան չի կարող ասել, որովհետև դա նախաքննության գաղտնիք է: Նրա խոսքով՝ երբ ժամանակը կլինի, ամբողջովին կհրապարակվեն բոլոր մանրամասները: