Շուրջ 8 մարդու սիբիրյան խոցով վարակած կենդանին պատվաստված չի եղել - RadioVan.fm

Онлайн

Շուրջ 8 մարդու սիբիրյան խոցով վարակած կենդանին պատվաստված չի եղել

2019-08-22 16:24 , Общество, 1401

Շուրջ 8 մարդու սիբիրյան խոցով վարակած կենդանին պատվաստված չի եղել

Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկատվություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մասնագետների կողմից հիվանդ կենդանին հայտնաբերվել էր, նմուշառում էր կատարվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Պարզվել էր, որ համագյուղացիներով կենդանու մորթ են իրականացրել և միսը բաժանել իրար մեջ:

Տեսչական մարմնից հայտնում են, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ հաստատվել է, որ կենդանին եղել է սիբիրախտով հիվանդ: Տեսչական մարմնի մասնագետները 34 ընտանիքից հավաքել են կենդանու միսը, սառնարաններում առկա այլ մթերքները, հայտնաբերվել է նաև կենդանու գլուխը և կաշին: Հավաքված մսեղիքը և մթերքները սահմանված կարգով անասնագերեզմանոցում այրվել են: Նշենք, որ կենդանու մոտ հիվանդությունն առաջացել է, քանի որ անասնատերը հրաժարվել է պատվաստումից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գեղահովիտ համայնքում առկա մյուս բոլոր կենդանիները ջերմաչափվել են և գտնվում են մասնագետների վերահսկողության տակ, այլ դեպքեր չեն գրանցվել:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էին դիմել Գեղահովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Դեպքերի պատճառահետևանքային կապը գտնելու նպատակով Գեղհովիտ համայնք մեկնած առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները շրջայցի արդյունքում ևս 6 հոգու մոտ հայտնաբերել էին սիբիրյան խոց հիվանդության մաշկային ձևին բնորոշ գանգատներ: Նրանցից 5-ն ուղեգրվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց` կլինիկական վիճակի գնահատմաննպատակով:

Лента

Рекомендуем посмотреть