Հայ մեծանուն գիտնական Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի Թեհրանի պետական բժշկական համալսարանի (ԹՊԲՀ) բժշկագիտության պուրակում։ Այդ մասին տեղեկացնում են Երևանի պետական բժշկական համալսարանից (ԵՊԲՀ)՝ նշելով, որԹեհրանի պետական բժշկական համալսարանի խորհուրդը որոշել է խորհրդանշական քայլով սկսել ԵՊԲՀ-ի հետ ապագա արդյունավետ աշխատանքն ու երկարաժամկետ կապերի հաստատումը:
«ԵՊԲՀ-ի գիատական խորհուրդը, հաշվի առնելով Թեհրանի պետական բժշկական համալսարանի եղբայրական քայլը, որոշում է կայացրել, որի համաձայն՝ Ավիցենայի արձանը տեղ կգտնի ԵՊԲՀ-ի կողմից առաջիկայում կառուցվող բժիշկների պուրակում»,-հայտնում են բուհի մամլո ծառայությունից:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ նշում է, որ ԹՊԲՀ պատվիրակության պաշտոնական այցը ԵՊԲՀ տեղի է ունեցել մայիսին, որի ընթացքում ձեռք են բերվել երկարաժամկետ և բազմակողմանի համագործակցության պայմանավորվածություններ։ Նոր ուսումնական տարում նախատեսվում են փոխայցեր, փորձի փոխանակման ծրագրեր, որոնք նոր հեռանկարներ կբացեն երկու համալսարանների ուսանողների և կլինիկական օրդինատորների համար։