Լսողության խնդիրներով երեխաների համար գնված սննդամթերքը չի բաշխվել նրանց - RadioVan.fm

Онлайн

Լսողության խնդիրներով երեխաների համար գնված սննդամթերքը չի բաշխվել նրանց

2019-08-21 19:19 , Право, 1602

Լսողության խնդիրներով երեխաների համար գնված սննդամթերքը չի բաշխվել նրանց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել են «Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների առերևույթ հատկանիշներ:

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ. ձեռք է բերվել 5350 լիտր բենզին՝ 2.045.500 ՀՀ դրամ արժեքով, որը լրացված վառելիքի պահանջագրերի և մեքենայի շահագործման ուղեթերթիկների համաձայն՝ ծախսագրվել է ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի շահագործման համար:

Մինչդեռ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում մեքենան չի շահագործվել, իսկ վառելիքի պահանջագրերում և մեքենայի շահագործման ուղեթերթիկներում մտցված տվյալներն ակնհայտ կեղծ են:

2018թ. ՊՈԱԿ-ը ձեռք է բերել 3.313.850 ՀՀ դրամ ընդհանուր աժեքով անկողնային, լոգարանային պարագաներ, ափսեներ, բաժակներ, այդ թվում՝ 279.000 ՀՀ դրամ արժեքով պրոյեկտոր:

Սակայն պարզվել է, որ նշված ապրանքներից 2.313.000 ՀՀ դրամ արժեքով ապրանքները ՊՈԱԿ-ում առկա չեն, իսկ նշված պրոյեկտորը ոչ թե գնվել է, այլ որպես նվիրատվություն ստացվել է բարերարներից:

Բացի այդ, 2017-2018թթ. երեխաների համար կազմակերպված միջոցառումների նպատակով ՊՈԱԿ-ի կողմից ձեռք է բերվել ընդհանուր առմամբ 1.393.822 ՀՀ դրամի սննդամթերք և նոր տարվա նվերներ, մինչդեռ, ձեռք բերված սննդամթերքը երեխաներին չի բաշխվել:

2017-2018թթ. երեխաների համար ՊՈԱԿ-ը ձեռք է բերել ընդհանուր առմամբ 61.111.000 ՀՀ դրամի սննդամթերք, մինչդեռ սննդամթերքի բաշխման փաստաթղթերում կատարված հավելագրումների հետևանքով 38.000.000 ՀՀ դրամի սննդամթերք դուրս է գրվել, սակայն երեխաներին չի բաշխվել:

Բացի այդ, ՊՈԱԿ-ի դասամատյանների համաձայն՝ կիսամյակային դասապրոցեսը առաջին կիսամյակում ավարտվում է դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդ կիսամյակում՝ մայիսի 25-ին, մինչդեռ, դեկտեմբերի 23-ին և մայիսի 26-27-ը լրացված փաստաթղթերի համաձայն՝ նշված օրերին 75-100 երեխայի համար սնունդ է բաշխվել:

Պարզվել է նաև, որ ՊՈԱԿ-ում ներքին համատեղությամբ աշխատող 30 աշխատակիցները փաստացի աշխատել են 1 դրույք (օրական 8 ժամ), սակայն վարձատրվել են 1.3 կամ 1.5 դրույքի չափով, ինչի արդյունքում չաշխատած աշխատաժամանակի համար 2017-2018թթ. վճարվել է 26.128.000 ՀՀ դրամի աշխատավարձ:

Բացի այդ, 2017-2018թթ. ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստերի կեղծ արձանագրությունների հիման վրա դուրս են գրվել 25.885.861 ՀՀ դրամի պարգևավճարներ:

Արձանագրված խախտումների փաստերովՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանությանվարչությունումհարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով :

Նախաքննությունըհանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть