Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ավազանի անունը՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան) այսօր տոնում է ծննդյան 68-ամյակը։
Կաթողիկոսին ծննդյան oրվա կապակցությամբ շնորավորական ուղերձներ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
Վարչապետի ուղորձում ասված է․
«Վեհափառ Տեր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Կարևորում եմ Ձեր դերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համագործակցության ամրապնդման գործում, ինչին նպաստում է նաև մեր համատեղ որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը։
Մեր ժողովրդի կյանքում մեծ կարևորություն և դերակատարում ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին՝ հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության պահպանման առումով։ Եվ վստահ եմ՝ Դուք կշարունակեք այդ ուղղությամբ Ձեր արդյունավետ գործունեությունը։
Վեհափառ Տեր, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ հայրենանվեր առաքելության մեջ»։
Բակո Սահակյանը Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորելով Գարեգին Երկրորդին տարեդարջի առթիվ՝ ուղերձում նշում է․
«Վեհափառ Տեր,
Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, առողջություն, երջանկություն, ուժ ու կորով Հայոց Հայրապետի բարձր ու պատասխանատու առաքելության իրականացման ճանապարհին:
Թող ամենազոր Աստված միշտ օգնական ու պահապան լինի Ձեզ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հայոց պետականությանը և մեր ողջ հավատավոր ժողովրդին Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»:
Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, հայաստանյան թեմերի առաջնորդներն ու առաջնորդական տեղապահները, միաբանության անդամները, Մայր Աթոռում սպասավորող քահանաներն ու պաշտոնեությունը այցելեցին Ամենայն Հայոց Հայրապետին:
«Եկեղեցականներն ու աշխարհականները իրենց ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վերջիններս հայցեցին Ամենազոր Աստծու օգնականությունը Հայոց Հովվապետին իր եկեղեցանվեր և ազգօգուտ հոգևոր առաքելության իրականացման համար` մաղթելով երկար տարիների արդյունավոր հովվապետություն` ի պայծառություն և ի շինություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ազգային և հայրենական կյանքի:
Վեհափառ Հայրապետը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար, իր փոխադարձ մաղթանքներն ուղղեց ամենքին: Նորին Սրբությունը բարձրորեն գնահատեց եկեղեցականների և Մայր Աթոռի պաշտոնեության ազգին և Եկեղեցուն մատուցվող անսակարկ ծառայությունը և անուրանալի ներդրումն ազգային-հոգևոր կյանքի զորացման գործում` Սուրբ Էջմիածնի կողմից արձանագրած ձեռքբերումները նկատելով պտուղը աննկուն հավատքի, միասնական համատեղ ջանքերի և նախանձախնդիր ու հանձնառու ոգու»,-մանրամասնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։