Ինչու՞ է երեկ Բաղրամյան պողոտայում ուժ կիրառվել․ ոստիկանությունը պարզաբանում է տարածել - RadioVan.fm

Онлайн

Ինչու՞ է երեկ Բաղրամյան պողոտայում ուժ կիրառվել․ ոստիկանությունը պարզաբանում է տարածել

2019-08-20 19:53 , Право, 1522

Ինչու՞ է երեկ Բաղրամյան պողոտայում ուժ կիրառվել․ ոստիկանությունը պարզաբանում է տարածել

«Եկել է օրենքի գերակայության ժամանակը, երբ բոլորը հավասար են օրենքի առաջ: Ուստիև արդիական չեն ոչ ճանապարհ փակելը, ոչ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը, ոչ էլ ոստիկանությանն անհարիր պիտակներ կպցնելը»,-այդ մասին նախօրեին ծավալված գործողությունների վերաբերյալ տարածած հաղորդագրությունում նշում է ՀՀ ոստիկանությունը։

Հիշեցնենք՝ երեկ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով շահագրգիռ կողմերի հետ Բաղրամյան 26-ում քննարկում էր հրավիրել, «Ամուլսարը հանքի չի՛ դառնա» վանկարկումներով Բաղրամյան պողոտայում զուգահեռաբար հավաք էր ընթանում։

Հավաքի մասնակիցները որոշեցին նախագահական նստավայրի հարակից տարածքից տեղափոխվել Ազգային ժողովի բակ, այնտեղ քննարկումանելու նպատակով, ինչը խոչընդոտվեց ոստիկանների կողմից, ԱԺ դարպասները փակվեցին։ Ցուցարարների փորձեցին փակել Բաղրամյան պողոտան, սակայն իրավապահները ուժի կիրառմամբ վերականգնեցին երթևեկությունը, վեց մարդ բերման ենթարկվեց:

Ոստիկանությունն, ահա, կատարվածի առնչությամբ պարզաբանում է․

«Մի շարք օգտատերեր, հասարակական կազմակերպություններ ու իրավապաշտպաններ կարծիքներ և գնահատականներ են հնչեցրել օգոստոսի 19-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողությունների վերաբերյալ:

Oգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարի դուրս եկած Ջերմուկի և հարակից բնակավայրերի քաղաքացիներին, որոնք Բաղրամյան 26 հասցեում հանդիպում էին ՀՀ վարչապետի հետ: Այո, հավաքը խաղաղ էր, և ոստիկանությունը, իրականացնելով իր գործառույթները, պահպանում էր հասարակական կարգը, ապահովում հավաքի մասնակիցների անվտանգությունը: Հետո, սակայն, քաղաքացիները փակեցին Բաղրամյան պողոտան: Ոստիկանությունը մի քանի անգամ հայտարարեց, որ նրանց գործողությունները չեն բխում օրենքից, և բավարար ժամանակ տվեց՝ պողոտան բացելու համար:

Սակայն նրանք հրաժարվեցին կատարել ոստիկանների օրինական պահանջը, և ոստիկանությունը ստիպված էր միջամտել: Փողոցը փակած քաղաքացիները մի քանի անգամ հեռացվեցին պողոտայից մայթ, սակայն կրկին վերադարձան ու փակեցին ճանապարհը: Եվ ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ՝ պողոտան բացելու համար:

Հիշեցնենք, որ իր գործառույթներն իրականացնող ոստիկանության ծառայողներին օրենքով վերապահված է անհրաժեշտության դեպքում կիրառել համաչափ ֆիզիկական ուժ: Խաթարվել էր երթևեկությունը, խախտվել էին այլ քաղաքացիների իրավունքները, և միջամտությունն անհրաժեշտ էր:

Հավաստիացնում ենք, որ նմանատիպ յուրաքանչյուր միջոցառումից հետո, ոստիկանության պետի հանձնարարությամբ, մանրակրկիտ ուսումնասիրվում է ամեն մի ոստիկանի գործողությունը, արվում են հետևություններ, հարկ եղած դեպքում՝ նշանակվում է ծառայողական քննություն: Այդպես կլինի նաև այս անգամ: Այո, ոստիկանությունը կիրառել է համաչափ ֆիզիկական ուժ, և համացանցում տարածված տեսագրությունների ուսումնասիրությամբ ակնառու չեն համաչափության խախտումներ, իսկ եթե ակտիվիստներից մեկն էլ պատահաբար, կրկնում ենք՝ պատահաբար վնասվել է, խնդրում ենք միտում ու դիտավորություն չփնտրել: Յուրաքանչյուր մարդու վնասվածքը ցավալի է, նաև ոստիկանների համար:

Ինչ վերաբերվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացուն՝ կրկնենք, որ հենց ոստիկաններն են կանչել շտապօգնություն, երբ ոստիկանության բաժնում նա հայտարարել է, թե վատ է զգում: Ախտորոշումն էլ եղել է նևրոտիկ ռեակցիա, սրտի ռիթմի խանգարում, ինչը ոչ մի կերպ չի կարող լինել անհամաչափ ուժի կիրառման հետևանք: Ի դեպ, դիտելով նրա ֆեյսբուքյան էջը՝ կարելի է տեսնել, թե նա ինչպես է դիմադրում ոստիկաններին և չի ենթարկվում նրանց օրինական պահանջին:

Ոստիկանությունը ծառայել և ծառայում է օրենքին ու ժողովրդին, ՀՀ քաղաքացուն և հետևողական է, որպեսզի բոլոր պարագաներում իր աշխատակիցները գործեն բացառապես օրենքի շրջանակներում: Սակայն միայն ոստիկանությունը չէ, որ ունի պարտականություններ: Իրավունքներից զատ՝ պարտականություններ ունեն նաև հավաքի մասնակիցները, ակտիվիստները, բոլորս: Ուստի կոչ ենք անում բոլորին՝ մնալ օրենքի և օրինականության սահմաններում, անվերապահորեն կատարել ոստիկանների օրինական պահանջները, չդիմել սադրիչ գործողությունների: Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ ոստիկաններն էլ, պարտականություններից զատ, ունեն նաև իրավունքներ:

Համոզված ենք, որ եկել է օրենքի գերակայության ժամանակը, երբ բոլորը հավասար են օրենքի առաջ: Ուստիև արդիական չեն ոչ ճանապարհ փակելը, ոչ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը, ոչ էլ ոստիկանությանն անհարիր պիտակներ կպցնելը: Հայտարարություն տարածողներն էլ հիանալի գիտեն յուրաքանչյուր հարցի լուծման օրինական, պաշտոնական ուղին: Հորդորում ենք հարկ եղած դեպքում ընտրել հենց այդ ճանապարհը:

Միայն հավելենք, որ ոստիկանությունն այսուհետ էլ գործելու է միմիայն օրինականության սահմաններում, ինչը պահանջելու է նաև քաղաքացիներից, մնալու է բաց՝ ամեն մի խնդիր քննարկելու և լավագույն լուծում գտնելու հարցում՝ նույնը պահանջելով հասարակական կազմակերպություններից, շարունակելու է բարեփոխվել, զարգանալ ու ինքնամաքրվել՝ ունենալով ողջ հանրության աջակցությունը: Ի վերջո, բոլորիս նպատակը մեկն է՝ օրենքի գերակայությունը:

Բոլորս նույն կողմում ենք»։

Лента

Рекомендуем посмотреть