Զինված անձանց կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորված՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վիճակը բավարար է: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Սեւակ Շահբազյան:«Հիվանդը որովայնի հրազենային վնասվածք է ունեցել, վիրահատվել է, որովայնից բեկորը հեռացվել է: Ներկա պահին գտնվում է հետվիրահատական շրջանում, վիճակը բավարար է»,- ասաց Սեւակ Շահբազյանը՝ նշելով, որ նա հետվիրահատական բուժում է ստանում: Սեւակ Շահբազյանը տեղեկացրեց, որ Արամ Հովհաննիսյանն իրենց մոտ ընդունվել է հուլիսի 17-ի առավոտյան ժամը 7.30-ին: Արամ Հովհաննիսյանի հետ հոսպիտալ է ընդունվել նաեւ մեկ փոխգնդապետ որովայնի շրջանում հրազենային վիրավորումով: Նա ամբուլատոր բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: