«Չինարին այլևս չի կարող գնդակոծվել»․ ի հեճուկս այս հայտարարության՝ ռազմական փորձագետը հորդորում է չթուլացնել մարդկանց զգոնությունը - RadioVan.fm

Онлайн

«Չինարին այլևս չի կարող գնդակոծվել»․ ի հեճուկս այս հայտարարության՝ ռազմական փորձագետը հորդորում է չթուլացնել մարդկանց զգոնությունը

2019-08-19 12:30 , Общество, 1515

«Չինարին այլևս չի կարող գնդակոծվել»․ ի հեճուկս այս հայտարարության՝ ռազմական փորձագետը հորդորում է չթուլացնել մարդկանց զգոնությունը

«Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։ Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայկական զինված ուժերի հերթական ձեռքբերմանը:

Նմանօրինակ հայտարարություններին արձագաքել է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը։ Ըստ նրա, այո, որոշակի դիրքային բարելավում վերջին շրջանում այդ տեղանքում կա, «բայց այնպես չի, ինչպես տարածվող այդ ստատուսում»:

«Ինքնախաբեություններից հեռու մնանք, որքան էլ ցանկալի լինի նման լուրը: Պետք չէ մարդկանց մոլորության մեջ գցել և զգոնությունը թուլացնել, էլ չասեմ, որ հավատալով նման տեղեկությանը՝ ինքնագործունեության արդյունքում մարդիկ կարող է հայտնվեն վտանգավոր տեղանքներում։

Նման «լուրերը», առանց պաշտոնական աղբյուրների հետ ճշգրտման՝ չպետք է դիտել որպես բացարձակ իրականություն: Ցանկալին իրականության տեղ չպետք է մատուցել, որպեսզի խուսափենք սխալներ թույլ տալուց և ոգևորությունը հիասթափություն դարձնելուց»,-եզրափակել է գրառումը ռազմական փորձագետը։

ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ քիչ առաջ ֆեյբուքյան իր էջում կատարած գրառմամբ նշում է․ «ՀՀ ԶՈւ-երը ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և ինչպես միշտ գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին»։

Նշենք՝ վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով այդ երկրի Պետական սահմանապահ ծառայությանը (ՊՍԾ), տեղեկություն էին տարածել, թե, իբր, ադրբեջանական սահմանապահ զորքերը դիրքային առաջխաղացում են ունեցել ՀՀ Տավուշի մարզի հետ սահմանին։ Մասնավորապես, նշվում էր, թե ՊՍԾ-ն 4 նոր դիրք է կառուցել Տավուշի սահմանի մոտ։ ՀՀ ՊՆ մամլո խոսնակը հրապարակումները տեղեկատվական խայծ որակեց՝ գուշացրելով, որ եթե ադրբեջանական կողմը շարունակի իր այս գործելաոճը, ապա նրանց անակնկալներ են սպասվում՝ հայկական զինված ուժերի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ձեռքբերված օպերատիվ-ռազմավարական առավելությունների ցուցադրմամբ։

Հավելենք նաև, որ ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի տվյալներով՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել, և որ միայն ՀՀ ԶՈՒ արդյունավետ գործողության արդյունքում է հաջողվել կասեցնել թշնամու սադրանքը, որի նպատակն է եղել վերահսկողություն սահմանել Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու վրա` հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից ուղիղ նշանառության տակ վերցնելով ավտոմայրուղին:

Փորձագետի դիտարկմամբ, եթե թշնամուն հաջողվեր իրականացնել իր ագրեսիվ մտահղացումը, ապա վտանգվելու էր նաև Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազատար խողովակի անվտանգությունը, որը կենսական խիստ նշանակության օբյեկտ է ՀՀ-ի համար։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть