Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերում 1956-1993թթ․ տեղադրված բոլոր՝ շուրջ 4400 վերելակները սպառել են շահագործման սահմանված 25 տարի ժամկետը և դրանց մեծ մասը փոխարինման կարիք ունի:
Քաղաքապետարանից նշում են՝ «2007-2008թթ. պետական բյուջեից հատկացված 3 մլրդ դրամով Երևանում տեղադրվել է 35 նոր վերելակ, նորոգվել՝ շուրջ 2500-ը: Սակայն նորոգվածներն արդեն վերանորոգման կարիք ունեն, խնդիրը պահանջում է համապարփակ լուծում, իսկ շենքերի մեծ մասի բնակիչներն այդքան միջոցներ չունեն»:
Հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմն ու քաղաքացիների կյանքին և առողջությանն սպառնացող վտանգը՝ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է վերելակների փոխարինման ընդգրկուն ծրագիր. խոսքը 3500 նոր վերելակի մասին է, որում ներառված չեն վթարային շենքերի, նորակառույցների, նաև շենքերի բեռնատար վերելակները:
Նախնական հաշվարկով՝ 3500 վերելակի փոխարինումը կտևի 4 տարի, այն կարժենա 32 մլրդ դրամ, որը քաղաքապետարանի մեկ տարվա մուտքերի ծավալն է: Այդպիսով՝ քաղաքապետի հանձնարարությամբ 20 վերելակի փոխարինման նախնական փորձնական ծրագիր կիրականացվի։ Շենքերն ընտրվել են տասը վարչական շրջաններից: Ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ:
«20 վերելակները կփոխարինվեն համայքնային միջոցներով՝ մոտավորապես 190 մլն դրամ է: Դա քաղաքի ու երկրի մասշտաբով աննախադեպ ծրագիր է: Մինչև տարեվերջ կունենանք տեղադրված վերելակները. օրեր առաջ մրցույթը տեղի ունեցավ և ամենաուշը դեկտեմբերին կունենանք նոր վերելակներ»,-նշել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
Նախքան վերելակների փոխարինման ծրագրի ամբողջական իրագործումը՝ քաղաքը վերելակային ֆոնդի պահպանման և շահագործման ծախսերի առումով շարունակելու է աջակցել բնակիչներին: Այս տարի համայնքի բյուջեից այդ նպատակին տրամադրվել է շուրջ 121 մլն դրամ. ավելին՝ քան նախորդող տարիներին: