Հայաստանյան ATOM-ը կհամագործակցի իսպանական Թեյդեի հետ - RadioVan.fm

Онлайн

Հայաստանյան ATOM-ը կհամագործակցի իսպանական Թեյդեի հետ

2019-08-14 14:04 , Наука, HiTech, 1176

Հայաստանյան ATOM-ը կհամագործակցի իսպանական Թեյդեի հետ

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 13-ին այցելել է Թեյդե աստղադիտարան։ Նախագահի աշխատակացմից հայտնում են, որ Սարգսյանը ծանոթացել է Gran Telescopio Canarias օպտիկական աստղադիտակը և աշխարհի 3-րդ ամենամեծ՝ GREGOR արևային աստղադիտակն ունեցող աստղադիտարանի աշխատանքներին և իրականացվող ուսումնասիրություններին։ Նախատեսվում է, որ շուտով կսկսվի նոր աստղադիտակի կառուցումը, որի տրամագիծը կլինի շուրջ 50 մետր։

«Կցանկանայի, որ ապագայում ավելի շատ հայեր ներգրավված լինեն գիտության և աստղագիտության ոլորտներում: Աստղագիտությունը միայն աստղադիտակ չէ, այլև նոր տեխնոլոգիաներ են, մաթեմատիկական մոդելավորում է: Մենք ունենք նախագահական նոր նախաձեռնություն, որը կոչվում է ATOM (Advanced tomorrow) և ուղղված է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը: Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, համագործակցելու ենք աշխարհի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ ինչպիսիք են «Դասո Սիսթեմս»-ը, «Թալես»-ը, «Լեոնարդո»-ն, IBM-ը և այլն: Ուրախ կլինենք համագործակցել նաև Թեյդեի հետ: Կարծում եմ՝ համագործակցության լուրջ հնարավորություններ կան նաև Թեյդեի ու Բյուրականի աստղադիտարանների միջև»,-Թեյդեի ղեկավարության Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների շուրջ քննարկմանն ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ օրերս փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ուղղված Հայաստանի գիտատեխնոլոգիական հաստատությունների և Թեյդեի միջև փոխգործակցության զարգացմանը։

Աշխարհի ամենահայտնի աստղադիտարաններից մեկը համարվող Թեյդե աստղադիտարանը կառավարվում է Կանարյան աստղաֆիզիկայի ինստիտուտի կողմից և հանդիսանում Եվրոպական հյուսիսային աստղադիտարանի (ENO) մաս։ Թեյդեի գիտական գործունեությունն ընդգրկում է հիմնականում արևային ուսումնասիրությունների և ռոբոտատեխնիկական աստղագիտության ոլորտները: Այստեղ են կենտրոնացված նաև Եվրոպայի լավագույն արևային աստղադիտակները: Աստղադիտարանի՝ ավելի քան 50 հեկտար զբաղեցնող տարածքում տեղադրված են շուրջ 20 երկրի ավելի քան 60 գիտական հաստատությունների պատկանող արևային և գիշերային աստղադիտակներ:

Лента

Рекомендуем посмотреть