Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում ընթացիկ ամսում ձեռնարկվել է երկու նոր և շարունակական նախագիծ - RadioVan.fm

Онлайн

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում ընթացիկ ամսում ձեռնարկվել է երկու նոր և շարունակական նախագիծ

2019-08-13 22:15 , Культура, Шоу бизнес, 1642

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում ընթացիկ ամսում ձեռնարկվել է երկու նոր և շարունակական նախագիծ

Հայաստանյան շատ թանգարաններ ժամանակին համընթաց են և կատարում են ոչ միայն առանցքային՝ պահպանության գործառույթը, որը վաղուց արդեն միակ առաջնայնությունը չէ, այլև ձգտում են բազմակողմանի զարգացման։ Այդպիսին է նաև Հայաստանի առաջին երաժշտական՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Հաստատությունը միայն ընթացիկ ամսում ձեռնարկել է երկու նոր և շարունակական նախագիծ՝ ուղղված կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության. տուն-թանգարանի գործունեության հանրահռչակմանը. ինչպես նաև ստեղծագործողներին ու հասարակության տարբեր խմբերին հաստատության աշխատանքներում ներգրավելուն։

Ձեռնարկներից մեկը՝ «Տուն-թանգարանի հետ…» նախագիծը oգոստոսի 10-ին մեկտեղել է ԵՊ կոնսերվատորիան (դասական կիթառ¸ Հակոբ Ջաղացպանյանի մասնագիտական դասարան) ավարտած 4 հայ երիտասարդ արտիստների` Բարդի Մինասյանին (Սիրիա), Նի Նոյին (Իրան), Թաթուլ Հաճյանին (Լիբանան)¸ Ջոն Գյումիշյանին (Հայաստան) և դասական կիթառի սիրահարներին։ Համերգային երեկոն Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում դարձել է սփյուռքից հայրենիք տեղափոխված և հայաստանաբնակ երաժիշտների ներկայանալու լավ առիթ, ինչպես նաև տուն-թանգարան նոր այցելու բերելու հնարավորություն։

Բարեգործության սկզբունքով պայմանավորված համագործակցության այս ձևը իրականացել է Բարդի Մինասյանի անմիջական աջակցությամբ և փոխշահավետ ու հեռանկարային համարվել թե՛ տուն-թանգարանում և թե՛ համերգին մասնակից բոլոր երաժիշտների կարծիքով։ Իսկ Նի Նոն բարեգործական ընդհանուր սկզբունքը հարստացրել է ևս մի քայլով.

«Ուրախ պիտի լինեմ, եթե ստեղծագործություններիս ձայնասկավառակները վաճառվեն, քանի որ հասույթը տրամադրվելու է մեծ հայի՝ Սպենդիարյանի տուն-թանգարանին»։

Դասական կիթառի երեկոն ամբողջացավ յուրաքանչյուր երաժշտի երեքական կատարմամբ, որոնք ներառում էին ինչպես դասական կոմպոզիտորների¸ այնպես էլ հենց իրենց՝ երաժիշտների հեղինակային գործեր։ Լեցուն դահլիճի ջերմ արձագանքներին ի պատասխան Թաթուլ Հաճյանն ընդգծեց. «Այս տուն-թանգարանն այնքան բազմազան ծրագրեր է իրականացնում այս թեկուզ շատ ջերմ, բայց փոքր դահլիճում, տպավորություն ունեմ, որ ավելի մեծ տարածք ունենալու դեպքում ավելին կաներ։ Պետք է ասել համապատասխան նախարարությանը»։

Տուն-թանգարանի մյուս նոր՝ «Ընթերցում ենք միասին» նախագծի նպատակը Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգությունը գրական ընթերցումների միջոցով հանրահռչակելն է։ Նախագծի յուրաքանչյուր հանդիպման ընթացքում մասնակիցներն ընթերցելու են Սպենդիարյանի որևէ գործի հիմք հանդիսացած գրական երկ, լսել-դիտելու են նույն երկի հիման վրա ստեղծված արվեստի այլ միավոր և իհարկե, ամբողջը զուգահեռվելու է կոմպոզիտորի տվյալ գործի ունկնդրմամբ ու եզրափակվելու՝ ներկայացված գործերի համադրում-քննարկմամբ։ «Ընթերցում ենք միասին» նախագծի առաջին մասնակիցները Մալաթիա-Սեբաստիայի գրադարանային համակարգի այցելուներն են, որոնք կընթերցեն Միխայիլ Լերմոնտովի «Երեք արմավենի» բալլադը՝ բնագրով (ռուսերեն) և թարգմանված (հայերեն), կդիտեն նույն գործի հիման վրա ստեղծված անիմացիոն ֆիլմը, կունկնդրեն Ալեքսանդր Սպենդիարյանին համաեվրոպական ճանաչում բերած նույնանուն՝ «Երեք արմավենի» սիմֆոնիկ ստեղծագործությունը։

Մալաթիա-Սեբաստիայի գրադարանային համակարգի տնօրեն Անուշ Գալստյանը նախապես հաջողելու վստահությունն ունի. «Այսպիսի համագործակցությունը պարտադիր կերպով արդյունք կարձանագրի՝ բերելով շարունակականության և տարբեր տարիքի ընթերցողների կրթամշակութային զբաղվածության բազմազանության։ Այս վստահությամբ ենք համաձայնել տուն-թանգարանի համագործակցության առաջարկին»։

Նախագիծը կմեկնարկի օգոստոսի 15-ին՝ ժամը 14։00-ին, մուտքն ազատ է, մասնակցությունը՝ խրախուսելի։

«Ձգտում ենք առաջարկել տուն-թանգարան այցելելու բազմազան ծրագրեր։ Դա անում ենք և՛ սեփական ուժերով, և՛ համագործակցությամբ։ Մեզ համար առաջնային է երիտասարդ ստեղծագործողներին ներկայանալու հարթակ տրամադրելը։ Այս առումով և ընդհանրապես բաց ենք համագործակցության համար։ Հուսով եմ՝ մեր նոր այցելուների զգալի մասը կհամալրի մեր մշտական այցելուների շարքերը», - կարծիք հայտնեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։

Աղբյուր՝ «Արմենպրեսս»

Лента

Рекомендуем посмотреть