Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում այս տարվա աշնանը կմեկնարկի «Երեխաների քաղաք»-ի կառուցման աշխատանքները։
Արարատի մարզպետարանից նշում են, որ այդ քաղաքում ապահով օթևան կգտնեն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ, իսկ միջնորդավորված շահառու կարող է լինել մոտ 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից:
««Երեխաների քաղաք» նախագծի հիմքում իրական՝ «մեծերի» քաղաքի մոդելն է՝ իրեն բնորոշ ենթակառուցվածքներով՝ մանկապարտեզ, միջնակարգ և ավագ դպրոցներ, հիվանդանոց, սպորտային համալիր և այլ հաստատություններ՝ հարմարեցված շարժողական խնդիրներ ունեցողների ազատ տեղաշարժման համար:
Իր տեսակով յուրօրինակ այս քաղաքի բնակիչներն իրենց այս հետաքրքիր առօրյայում հնարավորություն կունենան մասնագիտություններ ձեռք բերել, տիրապետել արհեստների, յուրացնել համակարգչային հմտություններ և ստացած գիտելիքներն ու փորձը կիրառել այնտեղ գործող արհեստագործական և գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամասերում, հյուրատանը, ռեստորանում և այլ հաստատություններում»,-նշում են մարզպետարանից՝ ընդգծելով, որ մանուկների համար նախատեսված հատուկ «քաղաքների» կառուցումը աշխարհում ընդունված պրակտիկա է, որն առաջին անգամ կիրառվել է Իտալիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Հայաստանում նախագիծն իրականություն կդառնա «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական աջակցությամբ:
Մարզպետի խոսքով՝ Արարատի մարզի երեխաների համար այդօրինակ համալիրի կառուցումը կնպաստի մանկական աղքատության կրճատմանը, սոցիալապես անապահով երեխաների զարգացմանը, կրթության ապահովմանը, ինքնադրսևորմանը, ներառմանը հասարակությունում:
Նշենք՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով անհատույց հողատարածքներ տրամադրելու մասին որոշումը կառավարությունն ընդունել է օրեր առաջ՝ օգոստոսի 8-ի նիստում։