Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն այսօր Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու համար տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից 3 մլն 281 հազար դրամ է հատկացրել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ըստ քանդակագործ Սարգիս Բաբայանի ներկայացրած նախահաշվի՝ հուշարձանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 54,2 մլն դրամ։
Վարչապետը հստակեցրել է՝ հուշարձանի տեղադրման վայրն ընտրվել է Կարեն Դեմիրճյանի ընտանիքի հետ համաձայնությամբ։
Իսկ թե ի՞նչ ժամկետներում արձանը տեղադրված կլինի՝ նախարար Պապիկյանը ձեռնպահ է մնացել ժամկետներ հայտնել, նշել է, որ կաշխատեն սեղմ ժամկետներում արձանի բացման արարողությունը կազմակերպել։
Կարեն Դեմիրճյանը հայ քաղաքական և պետական գործիչ է, 1974-1988 թվականներին զբաղեցրել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, 1999 թվականին եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ։ 67-ամյա քաղաքական գործչի կյանքը և ազգանվեր գործունեությունն ընդհատվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ դահլիճում ահաբեկչական խմբի զինված հարձակման հետևանքով։ Կարեն Դեմիրճյանն այդ ժամանակ Ազգային ժողովի նախագահն էր:
Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարման տարիներին, երբ նա Երևանի քաղկոմի քարտուղարն էր, Հայոց ցեղասպանությունից 50 տարի անց՝ հայ մտավորականության ու երիտասարդների գաղտնի կազմակերպվող ապրիլքսանչորսյան հիշատակի միջոցառումները բերվեցին պաշտոնական մակարդակի․ 1967-ին կառուցվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։ Դեմիրճյանը ձեռնամուխ է եղել մայրաքաղաքում այնպիսի ֆունկցիոնալ կառույցների շինարարությանը, ինչպիսիք են Երևանյան մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը։
1978 թվականին ի հակառակ կենտրոնական մարմինների՝ Կարեն Դեմիրճյանին հաջողվել է ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատել հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը։ 1980 թվականին Դեմիրճյանի ջանքերով կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» անունը կրող ավտոմայրուղու Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը: Փոխարենը կառուցվել է Մեղրի-Քաջարան մայրուղին և Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը։
Կարեն Դեմիրճյանը 1999-ին հետմահու արժանացել է ՀՀ ազգային հերոսի կոչման։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը