Երևանի Կենդանաբանական այգին հայտարարություն է տարածել, որով քաղաքացիներին հրավիրում է միասին անցկացնել «ամռան տապին հովացնող» Վարդավառի տոնը:
Տեղակացվում է, որ հուլիսի 28-ին, 10:00-ից պղպջակ շոու կցուցադրվի, մուլտհերոսների մասնակցությամբ ուրախ խաղեր կանցկացվեն, կլինեն հետաքրքիր անակնկալներ, վիճակահանություններ, տոնական նվերներ, ինչպես նաև թեմատիկ ցուցադրական կերակրումներ, շատրվանի գործարկում և, իհարկե, ՋՐՈՑԻԻԻ՜:
Մինչև 16 տարեկանների մուտքը կլինի անվճար։
«Եկ Ազգային ժողով»՝ Ազգային ժողովից էլ քաղաքացիներին հուլիսի 28-ին հրավիրում են խորհրդարանի այգի՝ մասնակցելու Վարդավառի առթիվ կազմակերպվելիք միջոցառմանը, որը մեկնարկելու է առավոտյան ժամը 10-ից Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ։
Տեղեկացվում է, որ խորհրդարանի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի ներկայացրած հայկական ձեռագործ գորգերը: Կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, կլինեն քննարկումներ գորգերի մասին, կխաղան քվեսթ: Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով:
Նշվում է, որ միջոցառման նախաձեռնողը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն է։
Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Այս տարի այն տոնվելու է հուլիսի 28-ին։
Համաձայն Ավետարանի՝ Հիսուսը Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը պայծառակերպվում է՝ ապշահար աշակերտների առջև խոսելով շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ըստ Ավետարանի՝ մինչ նա խոսել է, լուսափայլ մի ամպ հովանի է դարձել նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարել է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Պայծառակերպության տոնով, ըստ էության, հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուսը Աստծո որդին է:
Տոնը հայտնի է նաև «Վարդավառ» անվանումով։ Ժողովրդական սովորույթների համաձայն՝ միմյանց վրա ջուր են ցողում ու աղավնիներ բաց թողնում՝ խորհրդանշելով ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը