Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է մեկշաբաթյա փորձի փոխանակման այցի շրջանակում Հայաստան այցելած Բուլղարիայի օմբուդսմանի ներկայացուցիչներին:
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է Պաշտպանի գործառույթները, լիազորությունների շրջանակը, անդրադաձել հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող իրազեկման ծրագրերին, գործարարության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի գործադրման նոր սկզբունքներին:
«Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան հետ ձևավորված սերտ համագործակցությունը՝ ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս տեսանկյունից Պաշտպանը կարևորել է երկու երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների համատեղ աշխատանքը և պատրաստակամությունհայտնել նպաստել այդ ոլորտում ծրագրերի իրականացմանը։
Հայաստան այցելած պատվիրակության անդամներն այսօր այցելել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Հայաստանում Բուլղարիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև կազմակերպել երկօրյա միջազգային աշխատաժողով պետական շահագրգիռ մարմինների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Վրաստանի հանրային պաշտպանի հաստատության ներկայացուցիչների մասնակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկումների և փորձի փոխանակման միջոցով կիրականացվի կարողությունների զարգացում հանրային ծառայությունների, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում»,-ասված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: