Կյանքի 99-րդ տարում մահացել է ամերիկացի հայտնի իրավաբան, հայ ժողովրդի բարեկամ, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (1913-1916 թթ.) թոռը՝ Ռոբերտ Մորգենթաուն: այս մասին նշված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք-ի էջում:
Մորգենթաուն մահացել է հուլիսի 21-ին:
Քաջատեղյակ լինելով պատմությանը՝ Ռոբերտ Մորգենթաուն մշտապես պայքարել է ցեղասպանության միջազգային ճանաչման համար և կոչ արել իր երկրի կառավարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Իրենց ամբողջ պատմության ընթացքում հայերը մեծ խիզախություն են ցուցաբերել զավթիչների տիրապետությանը դիմակայելիս՝ Զեյթունի ապստամբությունը, Վանի պաշտպանությունը և, իհարկե, հայերի Մուսա լեռան պատմական դիմադրությունը: Թվարկածներից յուրաքանչյուրը արտահայտում էր հպարտ ժողովրդի վճռականությունը, որ հոգով աննվաճելի էր, և չէր պատրաստվում հրաժարվել իր հավատքից կամ ինքնությունից: Սակայն ամեն անգամ օսմանյան ղեկավարները պատասխանել են ճնշող ուժով, ուժ, որը վերաճեց համատարած ցեղասպանության», – իր ելույթներից մեկում ասել է Մորգենթաու կրտսերը: