Онлайн

Ֆրանսիայի նախկին վարչապետը կնպաստի Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանը․ նա նշանակվել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ

2019-07-23 20:57 , Экономика, финансы, 413

Ֆրանսիայի նախկին վարչապետը կնպաստի Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանը․ նա նշանակվել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF, ԱՆԻՖ) ուրախությամբ տեղեկացնում է, որ Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլեպինը նշանակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ։

Որոշումն ուժի մեջ է մտել այսօր։

«ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ գործող ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը նախատեսում է համաշխարհային մակարդակի ներկայացուցչություն և այս համատեքստում Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլեպինի ներգրավումը սահմանում է մասնակցության չափազանց բարձր մակարդակ։ 2003թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթով Դե Վիլեպինը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին առաջիկա աշխարհաքաղաքական զարգացումներում դրսևորել զսպվածության ու դիվանագիտական մոտեցում և ընդմիշտ իր տեղն է զբաղեցրել համաշխարհային քաղաքագիտության դասագրքերում»։«Մեծ պատիվ է ընդունել պարոն դե Վիլեպինին որպես ԱՆԻՖ-ի գործընկեր և Հայաստանի բարեկամ: ԱՆԻՖ-ը հատկապես շնորհակալ է ՀՀ Նախագահ պարոն Արմեն Սարգսյանին՝ պարոն Դե Վիլեպինին մեզ ներկայացնելու համար»,-նշել է ԱՆԻՖ գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը։

Ըստ տարածած տեղեկատվության՝ պարոն Դե Վիլեպինը նշել է, որ «ԱՆԻՖ-ի թիմին միանալը սկիզբ է մի նոր ու հետաքրքիր ճամփորդության: Ինչպես Ֆրանսիան, Հայաստանը նույնպես վերջերս անցավ քաղաքական դաշտի էական երիտասարդացման մի փուլ, և դրա վկայությունն է այն, որ ԱՆԻՖ գործադիր տնօրեն պարոն Փափազյանը 37 տարեկան է, իսկ խորհրդի նախագահ, փոխվարչապետ պարոն Ավինյանը՝ 30 տարեկան»։

«Հայաստանը ներկայումս Եվրոպայի ամենաարագ ՀՆԱ աճի տեմպ ունեցող երկիրն է 2019-ի առաջին եռամսյակում 7.1%-ով, և ԱՆԻՖ-ը մեծ ապագա և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն ունի այդ աճին իր ներդրումն ունենալու հարցում։ Շնորհակալ եմ ԱՆԻՖ-ի արդյունավետ գործունեությանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»,-ասված է հաղորդագրությունում:

Դոմինիկ դե Վիլեպինը ծնվել է 1953թ. Մարոկկոյում և մեծացել է արտերկրում, իսկ 1968թ.-ին տեղափոխվել է Ֆրանսիա: Ավարտել է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտը (Sciences-Po) և կառավարման ազգային դպրոցը (École Nationale d’Administration)։ Ունի բակալավրի աստիճան իրավունքի և գրականության ոլորտում: Դոմինիկ դե Վիլեպինը սկսել է իր կարիերան որպես դիվանագետ և 1984-1989թթ. աշխատել է Փարիզում, Վաշինգտոնում, իսկ 1989-1992 թթ․ Նյու Դելիում՝ որպես դեսպանատան խորհրդատու: Այնուհետև նշանակվել է Ֆրանսայի արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի գլխավոր խորհրդական:1993թ.-ին Դոմինիկ դե Վիլեպինը նշանակվել է արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեի գրասենյակի ղեկավար, ինչից հետո նախագահ Ժակ Շիրակի կողմից նշանակվել է իր աշխատակազմի ղեկավար` 1995-2002 թվականներին:2002 թվականին Դոմինիկ դե Վիլեպինը նշանակվել է արտաքին գործերի նախարար: 2003թ.-ին ղեկավարել է Իրաքի ճգնաժամը Ֆրանսիայի անունից և ՄԱԿ-ում պաշտպանել Ֆրանսիայի դիրքորոշումը ընդդեմ պատերազմի:2004թ.-ին դարձել է ներքին գործերի նախարար, իսկ 2005-2007թթ. զբաղեցրել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը: Այդ երկու տարիների ընթացքում նա պարտավորվել էր ընդլայնել երկրում զբաղվածությունը, բարեփոխել աշխատաշուկան, նվազեցնել դեֆիցիտը և պետական պարտքը, ինչպես նաև խթանել տնտեսական աճը և ներդնել նորարարական քաղաքականություն` Ֆրանսիայի ողջ տարածքում մրցունակ կլաստերների ձևավորման միջոցով։Դոմինիկ դե Վիլեպինը հետաքրքրված է գրականությամբ և պատմությամբ: Նա հայտնի է դիվանագիտության, եվրոպական և միջազգային հարաբերությունների (Le Requin et la Mouette, 2004), Նապոլեոն I-ի (Les Cent-Jours ou l’esprit de sacrifice, 2001, La chute ou l’Empire de la solitude, 2008) թեմաների վերաբերյալ իր աշխատություններով, ինչպես նաև բանաստեղծների (Eloge des voleurs de feu, 2003) և նկարիչների, մասնավորապես՝ ֆրանսիացի-չինացի նկարիչ Զաո Վու-Կիի վերաբերյալ իր էսսեներով: Նա նաև գրել է բանաստեղծություններ: Իր վերջին խաղաղության հաստատման և միջազգային մարտահրավերների մասին գիրքը լույս է տեսել 2016 թվականին:

Նշենք՝ նոր ձևավորված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի գործունեության ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ հուլիսի 14-ին կառավարությունում հրավիրված խորհրդակցությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է, որ այն պետք է իրականացնի հետևյալ 4 գործառույթները՝ պետական ակտիվների կառավարում, պատրաստի ներդրումային փաթեթի ձևավորում, փաթեթների հիման վրա ներդրողների հետ աշխատանք (փնտրել/առաջարկել/ներկայացնել), ինչպես նաև պոտենցիալ ներդրողի մոտ և՛ գաղափարի, և՛ գումարի առկայության պարագայում ներդրողի համար կոնսիերժի/խորհրդատուի գործառույթի իրականացում:

Лента

Рекомендуем посмотреть