Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինն արձաքանքել է ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Սագրադովա-Գասպարյանի՝ Հայաստանում, մասնավորապես, Դիմիտրով համայնքում ասորական եկեղեցիների «զավթման ու ոչնչացման»խնդրով օրեր առաջ Գարեգին Բ-ին և վարչապետին ուղղված բաց նամակին՝ վստահեցնելով, որ բարձրացված հարցերին սպառիչ պատասխան տալու համար այժմ ուսումնասիրվում են պատմական փաստերն ու եկեղեցու մասին վկայությունները:
Նշենք՝ Իրինա Սագրադովա-Գասպարյանը հուլիսի 19-ին Կաթողիկոսին ու վարչապետին հղած բաց նամակում ընդգծել էր, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի քահանա Տեր Միքայել Նուրիջանյանը՝ տիկնոջ` նույն գյուղի դպրոցի տնօրենի հետ, ոչնչացնում են գյուղի ասորական եկեղեցու սրբապատկերները։ Ասորական համայնքի ներկայացուցիչը նրանց մեղադրում էր ասորական իկոնաները ու խաչն այրելու մեջ։
Միաժամանակ ընդգծվում էր, որ ՀՀ բարձրաստիճան այրերից իր բարձրացրած խնդրի վերաբերյալ արձագանք չստանալու պատճառով՝ հուլիսի 22-ից Հայաստանում ասորական եկեղեցիների զավթման ու ոչնչացման խնդրով կդիմի միջազգային կազմակերպություններին։
Արարատան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինն, ահա, տարածած հաղորդագրությունում նշում է․
«Մեծ ցավով ենք արձանագրում, որ նման հարցը ներկայացվում է երկու դարավոր ու համատեղ պատմություն ունեցող ազգերի՝ հայերի ու ասորիների՝ գոյություն չունեցող խնդիրների համատեքստում: Թե՛ Դիմիտրովի, թե՛ Հայաստանի այլ վայրերում ապրող ասորիները մշտապես հոգատարության ու ուշադրության ներքո են եղել:
Մինչ վերջնական պատասխանը հրապարակելը տեղեկացում ենք, որ Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցու մուտքերից մեկի բարավորի վերևում առկա են հայերեն երկու արձանագրություններ, դրանից մեկում ասվում է, որ եկեղեցին վերակառուցվել է 1911թ.: Վերակառուցումը կատարել է Հովագիմ Տեր Վարդանյանը:
Երկրորդ արձանագրության վրա հստակ կարդացվում է, որ Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1868թ.: Այս արձանագրության տեքստի ամբողջական վերծանումն այժմ կատարում են մասնագետները:
Տ. Միքայել քահանա Նուրիջանյանն արդեն 7 տարի այցելում է Դիմիտրով համայնք և այս տարիների ընթացքում համայնքի անդամների ու բարերարների միջոցներով փորձում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված եկեղեցին նորոգել ու փրկել փլուզումից: Փոխվել են եկեղեցու դռները, պատուհանները, կառուցվել է Խորանի Սուրբ Սեղանը:
Եկեղեցու պատերին այժմ կախված են Ուղղափառ եկեղեցու սրբապատկերներ, որոնք տարիներ առաջ գյուղի մեկ այլ՝ Ուղղափառ եկեղեցու վերանորոգման ժամանակ եկեղեցին են բերել համայնքի անդամները: Տեր Միքայելը մեկ արկղում խնամքով հավաքել ու պահում է մի շարք այլ սրբապատկերներ, խաչեր, ծիսական առարկաներ ու թագեր: Եկեղեցու մաքրման ժամանակ տեր հայրը ստիպված է եղել հանել այնպիսի ժամանակի մեջ խունացած, գունաթափված թղթե պաստառներ, որոնք եկեղեցու հետ որևէ կապ չեն ունեցել, սակայն ինչ-որ անհասկանալի պատճառներով տարբեր մարդիկ բերել ու թողել են եկեղեցում՝ դագաղների վրայի խաչեր, Ջոկոնդայի շուրջ 400 հատ պաստառներ, A4 չափի անորակ թղթի վրա տպագրված սրբապատկերներ, որոնց ետևի մասում եղել են մերկ մարդկանց նկարներ»:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը