Онлайн

Երևանում բացվեց բանաստեղծ, հայագետ, Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի հուշատախտակը

2019-07-20 13:50 , Культура, Шоу бизнес, 118

Երևանում բացվեց բանաստեղծ, հայագետ, Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի հուշատախտակը

Բանաստեղծ, հայագետ, Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացվեց Տերյան 57 հասցեում նրա հուշատախտակի տեղադրմամբ, որի բացման հանդիսավորարարողությունը տեղի ունեցավ հուլիսի 19-ին:

«Հուշաքարը տեսնելով` անցորդները մեծ սիրով են հիշելու Թամրազյանին, իսկ եթե չեն ճանաչում նրան, առիթ կունենան ծանոթանալ նրա բանաստեղծական ժողովածուներին, հետազոտություններին ու, բնականաբար, կիմանան, որ այս տանն ապրել է հետաքրքիր, ինքնատիպ, տաղանդավոր մարդ»,- նշեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Նրա խոսքով` Թամրազյանը կարճ, բայց լիարժեք կյանքով ապրեց: «Նա նորանկախ Հանրապետության հիմնադիրների սերնդից էր, լուրջ մասնակցություն է ունեցել մեր պետականության կառուցման գործում: Թամրազյանը մեծ դերակատարությունուներ նաև գրահրատարակչական ոլորտի զարգացման մեջ: Նրա գրչակից բարեկամները լավ գիտեն, որ արդի հայ պոեզիան անհնար է պատկերացնել առանց Թամրազյանի: Եթե որևէ ժողովածու կամ անթոլոգիա է լույս տեսնում,դրանում ներառվում են նաև Թամրազյանի ստեղծագործությունները»,- ասաց Տեր-Ղևոնդյանն ու նշեց, որ հայագետը խոր հետք է թողել նաևհայ միջնադարյան գրականության ուսումնասիրության ասպարեզում:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ընդգծեց, որընկերական հարաբերություններ է ունեցել Թամրազյանի հետ, աշխատել հետը: «Նրա կյանքն անցել է ակնթարթորեն, թեթև: Նա չի ձգտել լինել բանաստեղծ, բայց հրաշալի է գրել:Հրաչի առաջին գիրքըհենց քաղաքի պատկերներն էին, նրա պատկերացումները քաղաքի մասին, ասես՝ նրա հոգին էր քաղաքում: Տերյան փողոցը նրա մանկության, պատանեկության հուշերում մշտապես եղել է և արտահայտվել Թամրազյանի գործերում»,- շեշտեց միության նախագահը:

Միլիտոնյանը հավելեց, որհրաշալի էին նրա թարգմանությունները, գիտական ուսումնասիրությունները:

Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների, ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության, մասնավորապես, նարեկացիագիտության բնագավառին։ Իր աշխատություններում Թամրազյանը Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում՝ որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների՝ Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից։ Հրաչյա Թամրազյանը նաև ճանաչված բանաստեղծ է, թարգմանիչ։ Նրա բազմաթիվ բանաստեղծական և թարգմանական ժողովածուները ջերմ ընդունելության են արժանացել ընթերցողների և գրականագետների շրջանում։ Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու, Բորիս Պաստեռնակի ստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն։

Лента

Рекомендуем посмотреть